Կարեւոր իրազեկում գազօգտագործողներին. iravaban.net
Բնական գազի մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում, ընդհատումների թիվը 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը` 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը ֆորս մաժորի հետևանք է:
Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 15-ը) բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է ընդհատվի գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու պատճառով: Բնակիչ-բաժանորդները և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունները գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմում են մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին:
Մատակարարը պարտավոր է 15-օրյա ժամկետում քննարկել դիմումը, անհրաժեշտ փոփոխություններ կատարել գազասպառման համակարգի նախագծում կամ թույլատրել գազօգտագործող սարքավորման փոխարինումը: Դիմումը մերժելու դեպքում մատակարարը պարտավոր է դիմողին ներկայացնել գրավոր հիմնավորում: Գազասպառման համակարգում փոփոխությունները (նոր գազատարի կամ ծխատարի կառուցում, հաշվառքի սարքի վերահավաքակցում և այլն) կատարվում են նոր միացման պայմանագրով սահմանված կարգով:
Գազասպառման համակարգի հավաքակցման և օգտագործման ընթացքում արգելվում է. կատարել գազաթողարկման կատարողական-տեխնիկական փաստաթղթերին և նախագծին չհամապատասխանող միացումներ և փոփոխություններ, գազը սպառել գազասպառման համակարգի անսարքության դեպքում, գազը սպառել հաշվառքի սարքի շրջանցմամբ, խախտել գազատարների և գազասարքավորումների պահպանման գոտիները, ինքնակամ միացումներ կատարել գազամատակարարման ցանցին, գազն օգտագործել գազօգտագործող սարքավորման տեխնիկական փաստաթղթով (անձնագրով) չնախատեսված նպատակներով:
Կարևոր է նաև իմանալ, որ մատակարարն իրավունք ունի ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը հետևյալ դեպքերում. ֆորս մաժորի դեպքում, եթե անհրաժեշտ է արագ վերացնել ֆորս մաժորի ազդեցությունը կամ հետևանքները, վթարները կամ վթարային իրավիճակները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու դեպքերում, գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու կամ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու դեպքում, ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման նպատակով մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը բնակիչ-բաժանորդի ներտնային գազասպառման համակարգի տեղակայման տարածք խոչընդոտելու դեպքում, սահմանված կարգով և ժամկետներում մատակարարված (վերահաշվարկված) գազի կամ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար չվճարելու դեպքում, օրենքով կամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան կնքված Պայմանագրով սահմանված այլ դեպքերում: