«Կոկա-Կոլան» դատի է տվել ՏՄՊՊՀ-ին
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲ Ընկերությունը հաղորդագրություն է տարածել կապված ՏՄՊՊ Հանձնաժողովի որոշման հետ:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, Ձեզ ենք տրամադրում ՏՄՊՊ Հանձնաժողովի որոշման հետ կապված մեր պաշտոնական մամլո հաղորդագրությունը։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲ Ընկերությունն իր անհամաձայնությունն է հայտնում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (Հանձնաժողով) կողմից մեր Ընկերության գերիշխող դիրքին վերաբերվող ընդունված որոշման կապակցությամբ։
Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում իր քսանամյա գործունեության ընթացքում Ընկերությունը գործում է ընդունված տեղական և միջազգային օրենքների համաձայն՝ պահպանելով բիզնեսի վարման էթիկական նորմերը: Այս ժամանակահատվածում մեր Ընկերության կողմից կատարվել են քառասուն միլիոն եվրոյին համարժեք ուղղակի ներդրումներ: Նաև, Ընկերությունը գտնվում է ՀՀ 30 ամենախոշոր հարկատուների ցանկում:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲ Ընկերությունը դիմել է դատարան դատական կարգով Հանձնաժողովի որոշումը բողոքարկելու համար, քանզի համարում է, որ կատարված պնդումները անհիմն են: Միաժամանակ, կարծում ենք, որ վարչական վարույթն իրականացվել է սահմանված ընթացակարգերի անհամապատասխանությամբ:
Մեր Ընկերությունը շարունակում է հետևողական լինել գործարար վարքագծի բարձրագույն չափանիշներին՝ արդյունավետ կերպով նպաստելով երկրի սոցիալական և տնտեսական զարգացմանը»: