Ինչ է նշանակում մեկ օրում 17 ցնցում. սեյսմոլոգի պարզաբանումը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Գավառ քաղաքի 16 կմ դեպի հարավ-արևմտյան հատվածում գրանցվել է երկրաշարժ: Հնարավո՞ր է, որ ավելի մեծ մագնիտուդով երկրաշարժ գրանցվի շուտով և, ի վերջո, ո՞րն էր այս երկրաշարժի պատճառը: Այս հարցերի պատասխաններն ստանալու նպատակով Henaran.am-ը զրուցեել է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի հետ:
‹‹Այսօրվա երկրաշարժերը հարում են Ազատ-Սևան գոտուն: Տարբեր ժամանակներում այդ գոտում ունեցել ենք նման պատկերներ. շատ թույլ ցնցումներ եղել են: Դրանք բնակչության կողմից չեն զգացվել: Այս գոտին բնորոշվում է թույլ սեյսմիկությամբ››,- նշեց Հրաչյա Պետրոսյանը:
Ըստ մասնագետի՝ այս գոտում երբեք չեն գրանցվել միջին ուժգնության կամ ուժեղ երկրաշարժեր:
«Մեր ծառայությունը շուրջորյա կերպով աշխատում է: Մեր եզրակացությունները ցույց են տալիս, որ ուժեղ սեյսմիկ ցնցումներ չեն լինի, ինչպես այսօր: Հավատացնում եմ, որ եթե ինչ-որ խնդիր լինի, մենք մեր համաքաղաքացիներից ոչինչ չենք թաքցնի, ինչպես այսօր չթաքցրինք››,- եզրափակեց Հրաչյա Պետրոսյանը: