Օտար բեմում
Չնայած Երևանի մնջախաղի պետական թատրոնը մինչ օրս չունի իր սեփական տարածքն, սակայն յուրաքանչյուր տարի գրանցում է նորանոր հաջողություններ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ժիրայր Դադասյանը:
Օրեր առաջ Բոսնիա- Հերցեգովինայում արդեն երրորդ տարին անցկացվող «Ոսկե լուսան» միջազգային փառատոնում «Լավագույն շարժում» անվանակարգում Նաիրա Եդիգանյանն իր մոնոներկայացմամբ վերադարձել է առաջին մրցանակով:
«Այս փառատոնից սա թատրոնի արդեն երկրորդ գլխավոր մրցանակներից էր»,- ասել է ժիրայր Դադասյանն եւ հավելել, որ նախորդ տարի էլ առաջին մրցանակի արժանացել էր «Այբուբեն» ներկայացումը:
Այս տարի մարտի 10-ից թատրոնը խաղաշրջանը կազդարարի կրկին այլ թատրոնի բեմում եւ կներկայանա Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» վիպակի մոտիվներով ներկայացմամբ:
Չունենալով անհրաժեշտ պայմաններ՝ թատրոնը փորձում է զարգացնել մշակույթի այս ժանրը, սակայն, ըստ Ժիրայր Դադասյանի, միևնույն է՝ անհրաժեշտ է պետական աջակցություն. «Ամեն անգամ բարձրաձայնում են շենք չունենալու խնդիրը, սակայն սայլը մինչ օրս տեղից չի շարժվում»:
Սկզբում շրջանառվեց Հյուսիսային պողոտայում տարածք տրամադրելը, սակայն բնակիչները դժգոհեցին, որ կառուցվող շենքը կփակի իրենց լուսավորությունը: Դրանից հետո քաղաքաշինության նախարարությունը մայրաքաղաքի կենտրոնում մի քանի տարածք է առաջարկել, ինչն մինչ օրս իրականություն չի դարձել:
Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը նաեւ նշել , որ ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ թատրոնի գործունեությունը գնահատվել է:
«Նախորդ տարի գործադրի որոշմամբ՝ Ծաղկաձորում անցկացվող Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային փառատոնը, որը կազմակերպվում էր երկու տարին մեկ, դարձել է ամենամյա: Պետք է խրախուսվեն գործընթացներ, որոնք ունեն զարգանալու հնարավորություն»,- ասել է Ժ. Դադասյանը եւ հավելե, որ վերանայվել է բյուջեն, որը հնարավորություն է ընձեռվել մեծացնել քաղաքների ցանկը։