14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյուղնախարարն այցելել է CARD հիմնադրամ եւ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է CARD հիմնադրամ: Տնօրեն Գագիկ Սարդարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է հիմնադրամում, ծանոթացել բաժինների ընթացիկ աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Շրջայցից հետո  ՀՀ գյուղատնտեսության նախարարության և CARD հիմնադրամի միջև  ստորագրվել է փոխըմբռման հուշագիր, որը միտված է ընդլայնելու համատեղ գործունեության շրջանակը գյուղատնտեսության ոլորտում, այդ թվում` սննդամթերքի անվտանգությանը և գյուղական համայնքների համաչափ զարգացմանն աջակցելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«CARD հիմնադրամը, որն արդեն երկար տարիներ մեր երկրում գործունեություն է ծավալում, իսկապես զգալի աշխատանք է իրականացնում գյուղատնտեսության զարգացման գործում: Դուք մեր ամենակարևոր գործընկերներից եք, և կարծում եմ, այս բնագավառում հանդիսանում եք պետություն-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակը:  Ես վստահ եմ, որ համագործակցության այս արդյունավետ փորձը, որն այսօր ամրագրեցինք նաև հուշագրի ստորագրությամբ, տարեցտարի կընդլայնվի և կամրապնդվի նոր հաջողված ծրագրերով ու նախաձեռնություններով»,-իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Կարապետյանը:

Նախարարը հավելել  է նաև, որ արդեն իսկ քննարկվում են նոր լայնածավալ ծրագրերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես անասնապահության ոլորտում` ուղղված կենդանիների մթերատվության բարձրացմանը,  ինչպես նաև խորհրդատվական համակարգի զարգացման բնագավառում:

Հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը իր հերթին բարձր է գնահատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության ներկա մակարդակը և  շնորհակալություն հայտնել նախարարին այցելության, ինչպես նաև  աշխատանքի ընթացքում մշտապես ցուցաբերվող մեծ օժանդակության և աջակցության համար:
Սերգո Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև կառավարման խորհրդի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում բրուցելոզի վերահսկողությանը և կանխարգելմանը,  ջերմոցային տնտեսությունների և խորհրդատվական համակարգի կատարելագործմանը, արհեստական սերմնավորմանն առնչվող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել նաև համագործակցության նոր հնարավորությունների և հեռանկարների շուրջ:

Հանդիպման ավարտին նախարարն այցելել է CARD-ի գրասենյակին կից գործող  “GREEN DAY” մասնագիտացված օրգանական խանութ: Այն գործում է 2011 թվականի փետրվարից,  այստեղ վաճառվում են հայկական, գերմանական, ավստրիական և ֆրանսիական  արտադրության «բիո» մակնշմամբ ապրանքներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ