«Դա Թուրքիային ձեռնտու չէ»
Սիրիայի հրամանատարությունը և քրդական զորամիավորումները Սիրիայում հրադադարի հարցերով զբաղվող ռուսական կենտրոնին տեղեկացրել են, որ Թուրքիան շարունակում է հրետանային ակտիվ ռմբակոծությունը: Այս մասին պաշտոնապես հայտարարել է կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն:
«Մենք Թուրքիայի այս գործողություններն համարում ենք սադրիչ, դրանք խոչընդոտում են Սիրիայում հրադադարի և հաշտեցման գործընթացը», —նշել է Կուրալենկոն:
Անդրադառնալով այս թեմային՝ քաղտեխնոլոգ Արմեն Բալդալյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Բնականաբար, այդ գործողությունները խանգարում են Սիրիայում խաղաղության հաստատմանը: Չեմ կարծում, որ Թուրքիան լայնամասշտաբ ռազմական գործողություններ կսկսի: Չեմ բացառում սա, բայց կարծում եմ՝ քիչ հավանական է: Թուրքիան ցանկանում է Հալեպն ու դրա հարակից շրջաններն իրեն միացնել, ասինինքն՝ իր կողմից հողանավողվող ուժերի իշխանությունը հաստատել այնտեղ: Բայց այս ծրագիրը ռուս-ամերիկյան պայմանագրից հետո ի չիք դարձավ», – պարզաբանեց մասնագետը:
Քաղտեխնոլոգը նշեց, որ բնական է, որ հիմա Թուրքիան փորձում է իր կողմնակիցների դիրքերն ամրապնդել Սիրիայում, բայց նույնիսկ այդ պարագայում Թուրքիան կխուսափի ռիսկային քայլերից:
«Եթե Թուրքիան լայնամասշտաբ գործողություններ սկսի, կնշանակի, որ այդ երկիրը պայքարի մեջ է մտնելու ինչպես Սիրիայի, այնպես էլ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ: Իսկ դա Թուրքիային ձեռնտու չէ»,- ընդգծեց Արմեն Բադալյանը: