«Պետք է մաքրել ընտրական ցուցակները»
«Մեր երկրի հիմնական պրոբլեմը, որ գոյություն ունի մեր երկրում դա ժողովրդի բարոյահոգեբանական պակասն է, հույսի պակասն է: Մեր ժողովուրդը իր Սահմանադրական իրավունքը իրացնելուց զրկված Է: Ընտրություններից հետո ժողովուրդը կանգնում է կոտրած տաշտակի առաջ և հասկանում, որ իր ձայնը ձևական բնույթ է կրում և երկրում ոչինչ չի փոխվում: Սա պատճառ է դառնում արտագաղթի: Ստեղծվել է մի իրավիճակ, որ կամ մարդը պետք է հարմարվի երկրում ստեղծված ծանր իրավիճակին կամ հեռանա երկրից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխվող նախագծին քաղաքական գործիչը նկատեց. «Այն գործիքակազմը որը ունենք ընտրական օրենսգրքում չի ծառայում իր նպատակին: Այսօր մենք կանգնած ենք ընտրական օրենսգրքի փոփոխության առաջ և պետք է ամեն բան արվի, որ դրական փոփոխություններ լինեն»:
Լյուդմիլա Սարգսյանի դիտարկմամբ ընտրական օրենսգիրքը նախ պետք է ներկայացվեր ժողովրդի դատին և նոր ուղարկվեր Վենետիկի հանձնաժողով: Նա այս փաստը արդեն կոպիտ խախտում է համարում և գտնում է, որ քաղաքական մեծամասնություն հանրապետականը կրկին անգամ կանցկացնի իրենց հեղինակած նախագիծը:
ՎՍԴՀԿ ատենապետը մի շարք դիտողություններ ունի.
«Էլեկտրոնային տարբերակով գրանցումը շատ կարևոր է, բայց եթե էլեկտրոնային քվեարկության և էլեկտրոնային հաշվարկի մասը բացառում ենք` ուրեմն դեռ շատ սողանցքներ են մնում»:
Լյուդմիլա Սարգսյանը նկատում է, որ ընդդիմությունը բավականին ռեալ առաջարկներ ունի, որոնք պետք է մտցնել ընտրական օրենսգրքի մեջ:
«Ընդդիմությունը պնդում է, որ ընտրատեղամասերում պետք է լինեն տեսախցիկներ, որոնք պետք է նկարեն ողջ ընտրական պրրոցեսը:Սա շատ արդարացի պահանջ է: Երկրորդ կարևոր պահանջը՝Հայաստանի հանրապետության ընտրական ցուցակները պետք է ընդդիմության հետ միասին մաքրվեն», -եզրափակեց Լյուդմիլա Սարգսյանը: