Ինչ է ասել Նալբանդյանը Մոգերինիին
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մամլո ասուլիսին
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ ողջունել Երևանում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ տիկին Ֆեդերիկա Մոգերինիին: Սա մեր հյուրի առաջին այցն է Հայաստան, որն, անկասկած, դրականորեն կանդրադառնա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման վրա:
Քիչ առաջ ավարտվեց տիկին Մոգերինիի հանդիպումը Հանրապետության Նախագահի հետ։
Մեր այսօրվա հանդիպումների ընթացքում հանգամանալից քննարկեցինք Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր, անդրադարձանք նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ընթացքին։ Մենք ունենք քննարկումների հստակ շրջանակ ու ժամանակացույց։ Հայաստանի և Եվրամիության բանակցող թիմերն արդյունավետ հանդիպումներ են անցկացնում, և այդ կապակցությամբ մենք երկուստեք գոհունակություն արտահայտեցինք արձանագրված առաջընթացի վերաբերյալ։
Մեր կողմից վերահաստատվեց Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդլայնել և ամրապնդել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձևաչափերում:
Անդրադարձանք համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերին՝ քաղաքական երկխոսության, շարժունակության, մարդու իրավունքների, ոլորտային փոխգործակցության, Հայաստանում իրականացվող բարեփոխումների աջակցության հարցերին։
Հիմնվելով ընդհանուր արժեքների վրա` մենք շարունակելու ենք մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանումը, արդյունավետ կառավարման կատարելագործումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության ամրապնդումը:
Ողջունում ենք Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացը, որը նկատի է առնում գործընկերների նկատմամբ տարբերակման սկզբունքը։
Մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար, ինչը նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում։
Մեր հարաբերությունների իրավական հիմքի քննարկումներին զուգահեռ՝ հայկական կողմը Եվրոպական հանձնաժողովի համապատասխան մարմինների հետ ներգրավված է ԵՄ տարբեր նախաձեռնություններում մեր մասնակցության վերաբերյալ բանակցություններում:
Հայաստան-Եվրոպական միություն կապերի խթանման գործում իրենց ուրույն տեղն ունեն մարդկային շփումները, և մեր քաղաքացիների ազատ շարժունակությունը դիտարկում ենք որպես կարևոր գործոն՝ մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու համար: Արդեն երկու տարուց ավել է, ինչ գործում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը, և մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու և սկսելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը:
Անդրադարձանք մի շարք հրատապ միջազգային, տարածաշրջանային խնդիրների։ Մտքեր փոխանակեցինք Մերձավոր Արևելքում, Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։ Շեշտեցինք ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը համախմբելու կարևորությունը, տարածաշրջանում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում մենք ողջունեցինք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ի աջակցություն Սիրիայում հրադադարի հաստատման ընդունված բանաձևը:
Քննարկեցինք միգրացիոն ճգնաժամը և փախստականների հոսքերին առնչվող հարցեր։ Տեղեկացրինք, որ Հայաստանում ապաստանել է Սիրիայից ժամանած շուրջ քսան հազար փախստական. այդպիսով, մեր երկիրը հանդիսանում է բնակչության թվի հարաբերակցությամբ՝ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Մենք արժևորում ենք այս հարցում ԵՄ կողմից Հայաստանին հնարավոր օժանդակության ցուցաբերումը։
Բանակցությունների օրակարգում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության իրականացումը, որը համագործակցության լայն հնարավորություններ է բացում։
Անդրադարձանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին։ Տիկին Մոգերինին վերահաստատեց ԵՄ անվերապահ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին` եռանախագահների կողմից առաջարկված կարգավորման հայտնի մադրիդյան սկզբունքների հիման վրա։
Մենք համակարծիք ենք համանախագահների և Եվրամիության հետ, որ ստատուս քվոյի պահպանումը չի բխում կողմերի շահերից։ Սակայն ակնհայտ է, որ իրավիճակի սրմանը նպաստող քայլերը, հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառության մերժումը, բանակցային ձևաչափի փոփոխման փորձերը, հետաքննության մեխանիզմի ստեղծումից հրաժարումը, ռազմատենչ հռետորաբանությունը վնասակար են և նպաստում են հենց ստատուս քվոյի պահպանմանը։ Մենք համամիտ ենք, որ բանակցություններին, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։
Ամփոփելով` ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել, որ Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և ունեն խոստումնալից հեռանկարներ։ Վստահ ենք, որ տիկին Ֆեդերիկա Մոգերինիի այցելությունը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր փոխշահավետ համագործակցության զարգացման, առավել ամրապնդման և ընդլայնման համար։