Մարտի 1-ի երթը մեկնարկել է
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց ընդդիմադիր 6 ուժերի համատեղ հավաք-երթը՝ ի հիշատակ 2008-ի մարտի 1-ի զոհերի:
Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը հրապարակը բազմամարդ է: Միասնական հավաք-երթի կարգախոսն է «Ընդդեմ պետական ահաբեկչության»:
Հավաք-երթի բացման խոսքով հանդես եկավ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը, որը նշեց, որ այսօր ելույթներ չեն հնչելու՝ կլինի միայն հայտարարություն:
Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում:
Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել: