Աննախադեպ տաք եղանակ
«Հանրապետության տարածք է ներթափանցում հաջորդ տաք օդային ալիքը»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Հանրապետության տարածքին մոտեցել են տաք օդային ալիքներ, և առաջիկա 7-8 օրերին գտնվելու ենք այդ տաք օդային հոսանքների տակ»,- ընդգծեց Սուրենյանը:
Սուրենյանը նշեց, որ վերջին օրերին օդի ջերմաստիճանը գրեթե 8-10 աստիճանով նորմայից բարձր է եղել, որոշ դեպքերում` նույնիսկ 14 աստիճանով: Ըստ նրա` առաջիկայում օդի ջերմաստիճանը կբարձրանա ոչ միայն ցերեկը, այլև գիշերը:
«Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 3-ին և 4-ին: Արարատյան դաշտում կգրանցվի 22-23 աստիճան, իսկ Սյունիքի դաշտային շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 24-25 աստիճանի, որն անոմալ է»,- ասաց նա:
Սուրենյանը հայտնեց, որ վաղվանից Արարատյան դաշտում, բացի ցերեկային ջերմաստիճանի բարձրացումից, կբարձրանա նաև գիշերային ջերմաստիճանը և կտատանվի +8-ից, +10 աստիճանների սահմանում:
Գագիկ Սուրենյանի խոսքով՝ կանխատեսվում է, որ մարտը նույնպես տաք կլինի, սակայն միաժամանակ կլինի տեղումնառատ, տեղումները նորմայից բարձր կլինեն:
Ինչ վերաբերում է ցրտահարության հավանականությանը և ծառերի վաղ ծաղկմանը, Սուրենյանը նշեց, թե անպայման չէ, որ ցրտահարություններ լինեն: Ըստ նրա` եղել է, որ պտղատուները շուտ են ծաղկել, բայց ցրտահարություն չի եղել, և հակառակը` ուշ են ծաղկել, բայց ցրտահարություններ, այդուհանդերձ, եղել են:
«Այս պահին ցրտահարություն կլինի, թե` ոչ, չենք կարող ասել. 5-7 օրերի համար են ստույգ կանխատեսումները»,- եզրափակեց Սուրենյանը: