Ավարտվել է Հանրաքվեի ընթացքը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու գործով նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սիրուշ Հովհաննիսյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների Հանրաքվեի ընթացքը լուսաբանող՝ զանգվածային լրատվության միջոց հանդիսացող՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի նկատմամբ բռնություն գործադրելով, խոչընդոտել է վերջինիս և նույն լրատվամիջոցի օպերատոր Գարիկ Ազիբեկյանի լիազորությունների իրականացմանը:
ՀՔԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Սիրուշ Հովհաննիսյանը դուրս է եկել Երևան քաղաքի Կոմիտաս 56 հասցեում գործող, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների Հանրաքվեի «Այո» ընտրական քարոզչական շտաբից և մոտենալով «Ազատություն» ռադիոկայանի խմբագրության հանձնարարությամբ Հանրաքվեի ընթացքը նշված տարածքում լուսաբանող հիշյալ ԶԼՄ ներկայացուցիչներին, նրանցից պահանջել է դադարեցնել նկարահանումները և հեռանալ շտաբի տարածքից:
Ա. Մկրտչյանը և Գ. Ազիբեկյանը շարունակել են իրականացնել իրենց լիազորությունները, որի ընթացքում Սիրուշ Հովհաննիսյանը զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու միասնական դիտավորությամբ, լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով՝ հրել է, քաշքշել հագուստից, թքել վրան ու այլ վիրավորանքներ հասցրել վերջինիս և Գ. Ազիբեկյանին, խանգարել նկարահանումների իրականացմանը:
Այս կերպ` Ս. Հովհաննիսյանը խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչների՝ Անուշ Մկրտչյանի և Գարիկ Ազիբեկյանի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների Հանրաքվեի ընթացքը լուսաբանելու իրենց լիազորությունների իրականացմանը:
Հիշյալ հանցագործությունը կատարելու համար Սիրուշ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: