«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը գնել է Վիլյամ Սարոյանի առանձնատունը
2015 թվականին Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը գնել է Վիլյամ Սարոյանի` Ֆրեզնոյի Գուպեր միջնակարգ դպրոցից (Gooper Middle School) արևմուտք ընկած 2729 Գրիֆիֆ Վեյ (W Griffith Way) փողոցում գտնվող առանձնատունը, որը գտնվում է ամայացած ու դատարկված վիճակում՝ փայտե պատուհաններով, խնամքի բացակայության արդյունքում առաջացած լուրջ վերանորոգում պահանջող պատերով:
Ինչպես տեղեկացնում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունը, առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ:
Ինտելեկտուալ Ռենենսանս հիմնադրամը մշակում է, և շուտով հանրության դատին կհանձնի տուն-թանգարանի վերակառուցման նախագիծն ու գործունեության պլանը: Հիմնադրամն առաջարկում է բոլոր ցանկացողներին ներկայացնել իրենց գաղափարներն՝ ուղարկելով նամակ` [email protected] էլ. հասցեին:
«Մենք մեծ ուրախությամբ կքննարկենք բոլոր առաջարկները»,– ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում: