Ողբերգական ավտովթար. մայրն ու որդին մահացել են
Փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Սևան-Գավառ ավտոճանապարհի Լճափ գյուղի խաչմերուկում բախվել են փայտով բարձած բեռնատարն ու “ՎԱԶ 2106” մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով “ԶԻԼ”-ը կողաշրջվել է, իսկ ողջ բարձած փայտը թափվել է “ՎԱԶ 2106”-ի վրա, “ՎԱԶ 2106”-ը նույնպես կողաշրջվել է: Վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները “ՎԱԶ 2106”-ի ուղևորներ մայրն ու որդին են, իսկ վիրավորը հայրն է։
Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, և նույն սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Այս պահին Գավառի հրշեջ-փրկարարաները հեռացնում են փայտերը ավտոմեքենայի վրայից, որպեսզի պարզեն, թե մեքենայում կան քաղաքացիներ, թե՝ ոչ: Գավառի ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը մի քանի քննիչներով փորձում են պարզել մահացածների և վիրավորի ինքնությունը:
Աղբյուրը` shamshyan.com