Հակասություններ՝ ցուցմունքներում

Շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը:
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Սերգեյ Մերզլիկինը դատարանում Ավետիսյանների սպանության գործով ցուցմունքում նշել է, որ իրեն փախուստի մասին հայտնել է 102-րդ ռազմաբազայի պետը, եւ հանձնարարվել է շան օգնությամբ փնտրել զինվորին։ Շունը գտել է հետքը եւ բերել Ավետիսյանների տուն։ Վկան հավաստում է, որ մինչեւ վերջին պահը փնտրել են դասալիքի, բայց ոչ մարդասպանի։
Հարցը, թե կոնկրետ որ ժամին է շունը նրանց բերել Ավետիսյանների տուն, դեռեւս շրջանցվում է։
Վկան հայտնել է, որ սպանության մասին ինքն իմացել է «այն ժամանակ, երբ բոլորը», այսինքն՝ մոտ 12։30-ի սահմաններում ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել առավոտյան մոտ ժամը 6-ին։ Ընդ որում, վկան, իր իսկ ասելով, իրավիճակը գնահատելով որպես սահմանապահ, հայտնեց, որ դասալիքը թափառել է փողոցներով, ինչը խոսում է այն մասին, որ որոնվողը վատ գիտեր քաղաքը։ Տան մոտ շունը բազմաթիվ հետքեր էր գտել, ինչը վկայում է այն մասին, որ որոնվողը պտտվել է տան շուրջը՝ չիմանալով, թե ուր գնալ։