«Կոկա-Կոլա»-ն տուգանվեց 50 միլիոն դրամով. ՏՄՊՊՀ որոշում
Այսօր կայացած նիստում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում կայացրեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման համար կիրառել 50 միլիոն դրամ տուգանք:
Վարչական վարույթը հարուցվել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա:
Տեղեկացվեց, որ «Կոկա Կոլա» ՓԲԸ-ն մուտքի խոչընդոտներ է ստեղծել մրցակից ընկերությունների համար և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել Հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի սննդի սպասարկման տարածքում գործունեություն իրականացնող 11 տնտեսվարողները հրաժարվում են ձեռք բերել և իրենց հաճախորդներին վաճառել «Պեպսի–կոլա» ըմպելիքը:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ գերիշխող դիրքի չարաշահումը պայմանավորված է հակամրցակցային գործողություններով, քանի որ ընկերությունը բազմաթիվ սննդի օբյեկտներին պարտադրում է միայն «Կոկա-կոլա» վաճառել:
Հանձնաժողովը պահանջել է, որպեսզի վերոնշյալ տնտեսվարողները ներկայացնեն «Պեպսի կոլայի» իրացումից հրաժարվելու պատճառներն ու հիմնավորումները, որոնք, ըստ հանձնաժողովի, արժանահավատ չեն: Ըստ դրանց՝ տարածքը սահմանափակ է և չեն կարող այլ ապրանք ևս իրացնել։ Բացի այդ, նշել են, որ սպառողների շրջանում առավել պահանջարկ ունի «Կոկա կոլան»: Հանձնաժողովը համարում է, որ վերոնշյալ պատճառաբանությունները անհիմն են: 11 տնտեսվարողներից 4-ը նախկինում իրացրել են «Պեպսի կոլայի» ըմպելիքները, հետո սակայն, առանց որևէ պատճառաբանության հրաժարվել դրանցից: Մինչդեռ բոլորի մոտ առանց բացառության մինչ այսօր լայնորեն գովազդվում և ներկայացվում է «Կոկա-կոլա» ընկերության արտադրանքը:
Հանձնաժողովի ուսումնասիրությունը պարզել է, որ «Կոկա-Կոլա» ՓԲԸ-ն որոշակի շահավետ պայմաններ է առաջարկում տնտեսվարողներին՝ միայն իր արտադրանքը իրացնելու պայմանով: Պարզվել է, որ զեղչերի, ակցիաների կամ այլ շահավետ պայմանների միջոցով «Կոկա-Կոլա»-ն պարտադրում է, որ տասնյակ օբյեկտներ իրացնեն միայն իր արտադրանքը:
Օրինակ, ընկերության ֆիրմային սառնարանները անհատույց տրամադրվում են տնտեսվարողներին, ինչը տնտեսապես շահավետ է վերջիններիս, քանի որ սառնարանի ձեռքբերման և վարձակալության համար լրացուցիչ ծախսեր չեն կատարում: Ընկերությունն արգելում է, որպեսզի իր սառնարաններում թեկուզև շատ փոքր քանակով ներկայացված լինեն այլ ըմպելիքներ, հակառակ դեպքում զգուշացնում է, որ իրավասու է կիրառելու որոշակի խիստ միջոցներ: Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են նաև, որ «Կոկա-Կոլա»-ն տասնյակ տնտեսվարողների մարքեթինգային ծախսերի անվան տակ խոշոր չափերի հասնող գումարներ է փոխանցել, իբրև թե իր վահանակները, ցուցանակները և այլ պարագաներ ցուցադրելու համար:
ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ տասնյակ դեպքերում տնտեսվարողները ընկերության տարբերանշանով պարագաները ցուցադրում են անվճար: Ստացվում է, որ «Կոկա-Կոլա» ընկերության մարքեթինգային գործունեությունը կրում է ձևական բնույթ:
«Կոկա-Կոլա» ընկերությունը խիստ տարբերակված մոտեցում է ցուցաբերել նաև զեղչային քաղաքականության, ինչպես նաև ապրանքի դիմաց վճարման ստացման հարցում՝ տարբեր տնտեսվարողների հանդեպ կիրառելով տարբեր մոտեցումներ, ինչը, որպես գերիշխող տնտեսվարող իրավասու չէր անելու: Այսպիսով, ընկերության խիստ սուբյեկտիվ և խտրական մոտեցման արդյունքում տնտեսվարողներն ուղղակի կամ անուղղակի շահագրգռված են եղել համագործակցել և իրացնել ընկերության ապրանքները՝ հրաժարվելով մրցակիցների ըմպելիքները իրացնելուց:
ՏՄՊՊՀ-ը համարում է, որ նման վարքագծի պատճառով «Կոկա-Կոլայի» և մրցակից ընկերությունների միջև ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ, ինչն անթույլատրելի է: