Մարտակերտում նոր ծրագրեր կիրականացվեն. ԼՂՀ վարչապետ
Նախօրեին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Մարտակերտի շրջան և մասնակցել Մոխրաթաղի և Մարտակերտի համայնքապետների՝ 2015թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը:
Այս մաիսն հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մոխրաթաղի համայնքի ղեկավար Նորայր Ամիրյանը, ներկայացնելով մեկամյա գործունեության արդյունքները, նշել է նաև բնակչությանը հուզող հիմնական խնդիրները, որոնք վերաբերում են ինչպես գյուղի ենթակառուցվաքներին, այնպես էլ սեփական եկամուտների ավելացման հնարավորություններին:
Գործադիր իշխանության ղեկավարը շեշտադրել է, որ գյուղի ենթակառուցվածքների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են և առաջիկա տարիներին դրանք հիմնովին լուծումներ կստանան: Բնակիչների սեփական եկամուտների ավելացման համար վարչապետն առաջարկել է հիմնել կոոպերատիվ տնտեսություն և, հաշվի առնելով համայնքի ունեցած բարենպաստ պայմանները, զբաղվել այգեգործությամբ: Այս առումով Ա. Հարությունյանը նշել է, որ, գյուղնախարարության միջոցով, կառավարությունն իրականացնում է տնկիների պահանջվող տեսակների գնման և այգեգործությամբ զբաղվող քաղաքացիներին անվճար տրամադրման ծրագիր:
«Մոխրաթաղում, կոլեկտիվ տնտեսության շրջանակներում, այգեգործության զարգացման համար կառավարությունը ցուցաբերելու է մեծ աջակցություն, որպեսզի այն իրականացվի ժամանակակից պահանջներին համապատասխան: Այսօր առանց նորարարական մեթոդների անհնար է պատկերացնել մեծածավալ և մրցունակ բերքի ապահովումը»,- նշել է վարչապետը և հավելել, որ այգեգործությունն Արցախի գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից է:
Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը անցած տարվա ձեռքբերումներից առանձնացրել է հատկապես գրանցված 90 ծնունդները: Քաղաքապետի խոսքով՝ քաղաքաշինության ոլորտում 2015թ.-ին Մարտակերտում, պետական և բարեգործական ծրագրերի շնորհիվ, իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, սակայն հրատապ են մնում դպրոցական շենքի, մարզադահլիճի, ինչպես նաև քաղաքում դեռևս առկա փլատակների խնդիրները:
Վարչապետը նշել է, որ դպրոցական շենքի խնդիրը շատ շուտով լուծում կստանա, քանի որ դրա կառուցումը նախատեսված է կառավարության ընթացիկ տարվա կապիտալ շինարարության ծրագրում: Ա. Հարությունյանի խոսքով՝ մոտ ապագայում լուծվելու է նաև մարզադահլիճի խնդիրը, սակայն փլատակների հարցը մտահոգիչ է, քանի որ այն շրջկենտրոնի համար քաղաքաշինական լուրջ խնդիրներ է առաջացնում:
«Մենք հասկանում ենք, որ փլատակների հարցը միայն քաղաքաշինական և սանիտարական տիրույթներում չէ, այն նաև բարոյական կողմ ունի: Ի վերջո, դրանք պատկանում են մեր այն հայրենակիցներին, ովքեր հարկադրաբար թողել են հայրենիքը, սակայն պետք է կամք դրսևորենք և լուծման հնարավոր տարբերակներ գտնենք: Մենք նրանց միշտ սպասում ենք, բայց չենք կարող տասնամյակներով Մարտակերտն ավերված թողնել»,- նշել է վարչապետը և հանձնարարել համապատասխան մարմիններին արտերկրում բնակվող, սակայն անցած տասնամյակներում երբևէ հայրենիք չայցելած մարտակերտցիներին որոշ ժամանակ ևս տրամադրել՝ վերադառնալու և իրենց նախկին տները վերականգնելու համար: Հակառակ դեպքում, դրանք կսեփականաշնորհվեն համայնքի կողմից՝ նոր բնակելի տների կառուցման և համայնքային այլ խնդիրներ լուծելու նպատակով: Ա. Հարությունյանի հավաստմամբ՝ բոլոր նրանք, ովքեր այս ընթացքում ևս չեն արձագանքի, հետագայում հայրենադարձության պարագայում կառավարության կողմից պետական համապատասխան աջակցություն կստանան՝ նոր բնակարանների կառուցման և հայրենիքում ապրելու համար:
Հանդիպումների ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաև բնակիչներին հուզող հարցերին, նրանց հետ մտքեր փոխանակել համայնքային տարբեր խնդիրների շուրջ: