Մեր համաքաղաքացիները պետք է իմանան, թե ուր է ուղղվում Երևանի բյուջեի յուրաքանչյուր լուման․ Տարոն Մարգարյան
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի Ֆինանսական, Եկամուտների հաշվառման և գանձման, ինչպես նաև Գնումների վարչությունների աշխատակիցների հետ, որի ընթացքում ներկայացվել են վարչությունների կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունները: Քաղաքապետն ընդգծել է թափանցիկ գործելաոճով աշխատանքի շարունակականության ապահովման կարևորությունը և հավելել, որ ֆինանսական մասով քաղաքապետարանի գործունեությունը պետք է հավուր պատշաճի ներկայացվի հանրությանը՝ մշտապես պարզաբանումներ տրամադրելով ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչներին, այնպես էլ բնակիչներին՝ լինի դա բանավոր, գրավոր կամ սոցիալական ցանցերում բարձրացված հարց:
«Այս մասով շատ անելիքներ կան: Բյուջեի հոդվածները պետք է հասկանալի լինեն մեր համաքաղաքացիներին: Խոսեք մարդկանց հետ, բացատրեք ու պարզաբանեք մեր գործողությունները: Քաղաքային բյուջեն ոչ միայն պետք է նպատակային բաշխել ու առավելագույն արդյունքներ արձանագրել, այլև քաղաքացիներին է պետք տեղեկացնել, որ բյուջեն արդյունավետ է բաշխվում և ոչ մի շեղում թույլ չի տրվում», – ասել է քաղաքապետը և հավելել, որ էլեկտրոնային բյուջեի հրապարակմամբ, արդյունքների ներկայացմամբ պետք չէ բավարարվել, այլ պետք է ապահովել լրացուցիչ հրապարակայնություն՝ հանրային միջոցառումների, զեկույցների և լրատվական հրապարակումների տեսքով:
«Մեր համաքաղաքացիների համար քաղաքապետարանի ֆինանսական գործունեությունը բնական է, որ այնքան էլ ընկալելի չէ: Մարդիկ չգիտեն և պարտավոր չեն ֆինանսական կառավարման գիտելիքներ ունենալ: Ու մե՛նք պետք է ամենապարզ ու հասկանալի բառերով ներկայացնենք մեր մոտեցումները: Մեր համաքաղաքացիները պետք է վստահ լինեն, որ հարկատուների հաշվին գոյացած բյուջեի ամեն մի լուման ուղղվում է առկա խնդիրների կարգավորմանն ու մեր բնակիչների բեռի թեթևացմանը»,- ընդգծել է քաղաքապետը:
Անդրադառնալով վարչությունների գործառույթներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել Երևան քաղաքի բյուջեի եկամուտների և ծախսերի կատարմանն ու բյուջեից հատկացված միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործմանը: Նա հորդորել է լինել հետևողական ու պահանջկոտ, որպեսզի հնարավոր լինի կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացվել են հանրությանը:
«Մշտական հսկողության տակ պահեք նաև սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը, քանի որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման համար առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է: Այս հարցում հետևողական պետք է լինեն նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները, որոնց աշխատանքը ևս պետք է լինի ձեր առանձնակի ուշադրության կենտրոնում: Ճիշտ օգտագործեք վարչական շրջանների մասնագիտական ռեսուրսները: Եղեք հետևողական ու պահանջկոտ, որպեսզի բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացրել ենք մեր բնակիչներին, կարողանանք ամբողջությամբ կյանքի կոչել»,- ընդգծել է քաղաքապետն ու հավելել, որ պետք է մշտական հսկողության տակ պահել քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների բյուջետային ծախսերն ու դրանց արդյունավետ կառավարումը: