ԱԺ-ում քննարկում է ՀԾԿՀ-ի 2016 թ. գործունեության ծրագիրը
Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2016 թվականի գործունեության ծրագիրը:
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ այս տարի հանձնաժողովը շարունակելու է ոլորտի կարգավորման կատարելագործմանն ուղղված քաղաքականությունը:
«2015 թվականին իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ ընկերությունը որոշ դեպքերում չի ապահովել նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման 16 գործընթացը: Նշված խախտումների համար ընկերությունը 2015 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ արդեն իսկ ենթարկվել է տուգանքի` 60 մլն ՀՀ դրամի չափով, իսկ առկա խնդիրների կարգավորման նպատակով տրվել են համապատասխան հանձնարարականներ: 2016 թվականի ընթացքում հանձնաժողովը կշարունակի սպառողների սպասարկման որակի ցուցանիշների վերաբերյալ կարգավորվող ընկերությունների կողմից ներկայացվող տեղեկատվության մոնիթորինգի աշխատանքները», – ընդգծեց Ռոբերտ Նազարյանը:
ՀԾԿՀ նախագահը նշեց, որ ներկայումս էներգետիկայի բնագավառում հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրեր են իրականացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա», «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» հիմնարկությունը: