Փոխանակ սելը ճռռա, սելվորն է ճռռում. Վարդան Այվազյան
Այսօր ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխություններին վերաբերող քննարկումը բանավեճի վերածվեց: Բանավիճողները ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն ու ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին էին:
Հրանտ Բագրատյանն իր ելույթում հայտարարեց, որ Վարդան Այվազյանն անձամբ ավերում է ՀՀ տնտեսությունը. «Դուք լիցենզավորում եք մի բան, որ դեռ 1980-ականներին Ռիժկովի հրամանով կասեցվել է: Դրա համար ես տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին էլ չեմ գնում, քանի որ երբ ուզում եք մի բան անցկացնել, պետք է գոռալով անցկացնեք: Այստեղ հազար դրամ տուրքի վճարից կառչելու հարցը չէ: Կարևորն այն է, որ հիմնավորումները կցված չեն»:
Հարակից զեկուցող Վարդան Այվազյանն իր ելույթում արձագանքեց՝ ասելով. «Սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռռում. Դուք լինեք վարչապետ, ես մեղավոր լինե՞մ: Օրենքները գրված են, կարդալու համար. նախագծում գրված է ԵՏՄ պայմանագրին միանալու մասին փաստաթղթում կա լիցենզիաների կարգավորման մասին կետ, ըստ որի՝ ուզենք, թե չուզենք, պետք է թույլտվություն կամ արտոնագիր ներկայացնեն ֆիզիկական անձինք՝ երրորդ երկրից ապրանքներ ներմուծելիս կամ արտահանելիս, որը կարժենա հազար դրամ: Այս նախագծով մենք հարկային ռեժիմը թեթևացնում ենք: Ես հասկանում եմ, որ կամերայի նկատմամբ սիրո դրսևորումներ ունեք, դրա համար մեր հանձնաժողովի նիստերին չեք գալիս, սակայն չեմ հասկանում տնտեսական դաշտը ավերելու մասին մեղադրանքները»: