Բացահայտումներ Թեւոսիկի եղբոր սպանության գործով
Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում դատարանում շարունակվեց գործի գրավոր փաստաթղթերի հետազոտումը:
Մասնավորապես, պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց մի շարք հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների հատվածների վրա:
Ըստ դրանցից մեկի, գործից անջատված մասով մեղադրյալ Տիգրան Ասատրյանը Ռաֆիկի հետ զրույցում ասում է՝ գլխակեր, կերավ սաղի գլուխը: Պաշտպանական կողմը ենթադրում է, որ Տիգրանն ի նկատի ունի Թևոսիկին, փոխանցում է Փաստինֆո-ն:
Գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն էլ՝ վկայակոչելով այս և մի շարք այլ հատվածներ, կասկածի տակ դրեց Տիգրանի ու Թևոսի ընտանիքի հարաբերությունների համերաշխ լինելու մասին Տիգրան Ասատրյանի դատաքննական ցուցմունքի արժանահավատությունը:
Հրապարակվեց նաև հեռախոսային խոսակցության հատվածն, ըստ որի Թևոսը ենթադրում է, որ իր եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կարող է «1 մլն 200 հազար եվրոյի վազվրատի» հետ կապված լինել:
Հրապարակվեց նաև հեռախոսային խոսակցությունն առ այն, որ Իսրայել Սարգսյանն ասում է, որ շատ հազվադեպ է շփվել Մովսես Ներսիսյանի հետ (ըստ մեղադրանքի, Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է սպանել Արթուր Սաֆարյանին, իսկ կատարելուց հետո, ենթադրվում է, սպանել է նրան ու դին նետել Քանաքեռավանի կոյուղու դիտահորը, դիակը չի հայտնաբերվել):
Մովսեսի որդին մեկ այլ հեռախոսային խոսակցության մեջ նշում է, որ հայրը մեկ օր է չի արձագանքում, ինչին ի պատասխան Իսրայելը հայտնում է, որ մի քանի օր չի տեսել Մովսեսին:
Ամբաստանյալի պաշտպան Հեկտոր Սարդարյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս է հնարավոր ավտոմեքենայով դիակ տեղափոխել և արյան հետքեր չհայտնաբերվեն:
Նույնիսկ հետքերը լվանալու դեպքում արնանման հետքերը կհայտնաբերվեին: Պաշտպանը կասկած հայտնեց նաև, որ հյուրանոցի համարում, որտեղ, ըստ գործի, տեղի է ունեցել Մովսեսի սպանությունը, արյան քանակն այնքան քիչ է եղել, որ հնարավոր չի եղել որոշել արյան խումբը:
Պաշտպանական կողմը հայտարարեց, որ Մովսեսի դիակը կոյուղու դիտահորից չի հայտնաբերվել, իսկ դիտահոր նետված 2-3 120 կգ-անոց անկենդան խոզերից մեկը հայտնաբերվել է:
Պաշտպանական կողմը հայտարարեց նաև, որ քննությամբ չի ճշտվել, թե Ռուսաստանում Արթուր Սաֆարյանի ծանոթների շրջանում կա՞ն, արդյոք, անձինք, ովքեր նրան սպանելու դրդապատճառ են ունեցել: Այդ առումով պաշտպանական կողմը կարևորում է Արթուր Սաֆարյանի մտերմուհու ցուցմունքները:
Ըստ պաշտպանի, Արթուր Սաֆարյանի սպանության քննության շրջանակում փորձագետին հարցեր չեն առաջադրվել ատրճանակի վրա մատնահետքերի վերաբերյալ: