ԱԺ նիստը մեկնարկեց փոխադարձ մեղադրանքներով
Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայի նիստի օրակարգում ՄԻՊ ընտրության հարցն է: Նիստը վարում են ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը:
Նախքան օրակարգի քվեարկությանն անցնելը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց հարցում անել խորհրդարանի անունից իրավապահներին` ինչ հիմքերով է կալանավորվել ակտիվիստ Վարդգես Գասպարին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հարկ չկա ստանձնելու դատախազի եւ դեր, որ ցանկացած ազատության դեմ ոտնձգությունը դատապարտելի է իշխող ՀՀԿ-ի կողմից: Շարմազանովն ասաց, թե քաղբանտարկյալները մնացել են նախորդ դարում . «Նաև Ձեզ կոչ կանեի չտեսնել քաղաքական ենթատեքստ, ինչպես նաև զերծ մնալ դատավորի կամ դատախազի կեցվածքից»:
Լևոն Զուրաբյանը հակադարձեց` Գալուստ Սահակյանը Շարմազանովից շատ ավելի հանդուրժող էր, որ սովորական հարցը պետք չի վերածել քաղաքական պրոպագանդայի:
Հրանտ Բագրատյանն էլ իր ելույթում ասաց. «Երբ որ նոր սահմանադրությունն անցկացրեցիք, ասում էիք ընդդիմության դերը բարձրանում է: Այ մարդ, էս խեղճ ընդդիմությունը, պարոն Շարմազանով, մի բան է խնդրում. ասում է` գնա իմացիր ինչ է, արի ինֆգորմացիա տուր: Սրա իրավունքն էլ չունեն, բա ամոթ չէ …»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ կրկնեց, որ քաղաքական բանտարկյալների գոյությունն անընդունելի է առաջին հերթին հենց իշխանության համար, հորդորեց չխեղաթյուրել իր խոսքերը` «ոտի վրա խեղաթյուրում եք»: ԱԺ նախագահությունն այդպես էլ չարձագանքեց Զուրաբյանի առաջարկին:
Զուրաբյանին միացան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը , Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, որ Վարդգես Գասպարին առողջական խնդիրներ ունի, այս դեպքում կալանավայրում մնալն անընդունելի է:
Հիշեցնենք, Գալուստ Սահակյանը առողջական խնդիրներով ներկա չէ ԱԺ այս քառօրյային: Բժիշկների հավաստմամբ` ԱԺ նախագահի աշխատանքի վերադառնալը օրերի հարց է: