Ներկայացվել է «Երեխայի իրավունքների գործիքակազմը»
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Եվրոպական Միությունը և Գերմանական զարգացման համագործակցությունը այսօր ներկայացրել են ԵՄ– ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մշակված «Երեխայի իրավունքների գործիքակազմը», որին կհաջորդի երկօրյա դասընթաց՝ զարգացման օրակարգում երեխայի իրավունքները ընդգրկելու վերաբերյալ: Դասընթացը նախատեսված է կառավարության, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին և ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը:
Անգամ եթե առաջին հայացքից քաղաքականությունը կամ բարեփոխման ծրագիրը թվում է, թե չեն ազդում երեխաների իրավիճակի վրա, իրական կյանքում երեխայի հանդեպ չեզոք քաղաքականություն գոյություն չունի: «Կամա թե ակամա յուրաքանչյուր քաղաքականություն կամ բարեփոխիչ ծրագիր դրական կամ բացասական ազդեցություն է թողնում երեխաների կյանքի վրա: Այս Գործիքակազմի և փորձագիտական դասընթացի միջոցով մենք նպատակ ունենք աջակցելու զարգացման ոլորտում ներգրավված հայ փորձագետներին իրենց ամենօրյա աշխատանքում, որպեսզի նրանք կարողանան տեղեկացված և ռազմավարական որոշումներ կայացնել, որոնք դրական արդյունքների կբերեն երեխաների, հատկապես ամենախոցելիների կյանքում»,- ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը Հայաստանում, տկն. Տանյա Ռադոչայը:
Գործիքակազմի շնորհանդեսը անցյալ տարի ընդունված Կայուն զարգացման 2030թ.-ի օրակարգի շարունակությունն է, որը մեկ անգամ ևս նշում է երեխաների և երիտասարդների առանցքային դերը Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում: 2014թ. ի վեր ԵՄ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրել են գործիքակազը մոտ 40 երկրներում:
Փորձագիտական դասընթացը մասնակիցներին հնարավորություն կընձեռի մշակել իրավունքների վրա հիմնված, երեխաների և երիտասարդների խնդիրները հաշվի առնող մոտեցումներ: Բացի Գործիքակազմից, այն նաև հիմնված է երեխայի իրավունքների դասընթացի վրա՝ մշակված Գերմանական զարգացման համագործակցության (GIZ) կողմից Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) աջակցությամբ: