ՀՀ ԱԺ «Դասական արվեստի տարածում» ծրագրի շրջանակում կայացել է համերգ
Փետրվարի 20-ին մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնած «Դասական արվեստի տարածում» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է դասական արվեստի բոլոր ճյուղերի տարածումը՝ համերգների, ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների անցկացմամբ:
Առաջին միջոցառումը, որը հանդիսացավ ծրագրի մեկնարկ, «Ղազարոս Սարյանի» լարային քառյակի դասական երաժշտության համերգն էր, որը կայացավ Ստեփանակերտում: Համերգի ընթացքում հնչել են հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ, մասնավորապես ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի, Ռուբեն Ալթունյանի, Մոցարտի, Աստոր Պիացոլլայի, Շտրաուսի, Պուչինիի ստեղծագործություններից: Առաջին համերգը նվիրվել է Արցախի վերածննդի օրվան:
Համերգին ներկա են գտնվել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, հասարակական ու մշակութային գործիչներ, դասական արվեստի երկրպագուներ:
ՀՀ ԱԺ «Դասական արվեստի տարածում» ծրագիրը կրթական ու դաստիարակչական է, նպատակ ունի Հայաստանի հանրությանը մոտեցնել դասական արվեստի բոլոր ճյուղերին, նրանց մեջ արթնացնել սերն արվեստի նկատմամբ: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանի Հանրապետության մարզերում եւ Արցախում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ եւ այլն: Միջոցառումներն իրականացվելու են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո: