ՀՀ և Հնդկաստանի գյուղնախարարությունների միջև համաձայանգիր է ստորագրվել
Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է Հնդկաստանի գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հետ:
Ինչպես այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին ընդգծելով հանդիպման և այցի կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար` նախարար Կարապետյանը մատնանշել է հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները` ընդգծելով գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման, գիտահետազոտական, կրթական, խորհրդատվական համակարգերի միջև փոխայցելությունների միջոցով կապերի ամրապնդման հարցերը:
Նախարարը նաև շեշտել է կենդանիների համարակալման և հաշվարման համակարգերի ներդրման կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել համապատասխան աշխատանքային խմբերի միջոցով։ Անդրադարձ է կատարվել նաև գիտական կառույցների միջև մասնավորապես սերմնաբուծության ոլորտում համագործակցության զարգացման հարցին։ Քննարկվել է նշված ուղղություններով տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությունը:
Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարն իր հերթին կարևորել է այցը երկկողմ հարաբերությունների խորացման ու ամրապնդման համար և հույս հայտնել, որ այն կնպաստի արդյունավետ համագործակցության հաստատմանը։
Հանդիպման շրջանակում նախարարները ստորագրել են համաձայնագիր Հայաստանի և Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև ագրարային ոլորտում համագործակցության մասին:
Համաձայնագրի շրջանակում երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունները համագործակցություն կծավալեն բուսաբուծության, գոմշաբուծության և թռչնաբուծության, չորային գոտիներում գյուղատնտեսության կազմակերպման, ոռոգման և ջրի կառավարման համակարգերի ու առաջադեմ տեխնոլոգիաների բնագավառներում փորձի փոխանակման, կաթի արտադրության և վերամշակման, պտղատու ծառերի փոխանակման և այլ առաջնային ուղղություններով:
Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը հրավիրել է իր պաշտոնակցին այցելել Հայաստան։
Այսօր նախատեսվում են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի հանդիպումները գյուղտեխնիկայի խոշոր արտադրողների, գինի ներմուծողների, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ՀՀ դեսպանատանը կկազմակերպվի գինու համտես։