ՀՀԿ գործադիր մարմնի նիստը հետաձգվում է
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ այսօր ժամը 20:00-ին նախապես հրավիրված ՀՀԿ ԳՄ նիստը կգումարվի մեկ ժամ ուշացումով` ժամը 21:00-ին: Այս մասին տեղեկացանք կուսակցության մամլո ծառայությունից: Բանն այն է, որ մինչ ԳՄ նիստ հրավիրելը, նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա ՀՅԴ ղեկավար կազմի հետ` թերեւս քննարկելու համաձայնության վերջին պայմանավորվածությունները:
Մինչ այդ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ազատությանն» ասել է, թե Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում կնշանակվի դաշնակցական Դավիթ Լոքյանը: Արմեն Ռուստամյանի փոխանցմամբ, Հանրապետականի հետ համագործակցության շրջանակներում, Տարածքային կառավարման նախարարությունից բացի ևս 2 ոլորտ կտրվի Դաշնակցությանը՝ խոսքը Կրթության և գիտության ու Էկոնոմիկայի նախարարությունների մասին է:
Դաշնակցական պատգամավորը հաստատել է, որ Կրթության և գիտության նախարար կնշանակվի Լևոն Մկրտչյանը, Էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաև Արագածոտնի և Շիրակի մարզերպետների պաշտոնները: Առաջիկայում Հանրապետականի և Դաշնակցության միջև ստորագրվելիք փաստաթուղթը կկոչվի «Քաղաքական համագործակացության մասին համաձայնագիր»: