Անաչառ աչքը կտեսնի
Նախագահի՝ փետրվարի 12-ի ելույթը, ինչպես հայտնի է, մինչ օրս ԶԼՄ-ների քննարկման առանցքում է: Տարբեր ամբիոններից հնչում են տարաբնույթ կարծիքներ ու եզրակացություններ: Թերևս ամենակարևոր հարցը, որ հետաքրքրում է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու. դրական փոփոխություններ կլինե՞ն ի վերջո: Թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ «Հենարան» ակումբում իր տեսակետները հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
Ըստ Գագիկ Մինասյանի՝ նախագահի ելույթը հայեցակարգային էր, ուստի մեր երկրի ռազմավարական ծրագերը հստակ մատնանշվեցին այդ ելույթում:
«Նախագահի ելույթի առանցքը կարելի է ամփոփել այսպես. մենք ունենք ձեռքբերումներ, բայց դրանց մակարդակն ավելի պիտի մեծացնենք: Խոսքս վերաբերում է բոլոր բնագավառներին: Պետք է նշեմ, որ մեզ շրջապատող երկրների համեմատությամբ՝ մեր երկրի մակրոտնտեսական վիճակը կայուն է: Տնտեսական աճը ևս ակնառու է: Ինչպես նախագահը նշեց ելույթի ընթացքում, անաչառ աչքն իսկապես կտեսնի, որ մենք առաջընթաց ունենք տարբեր ոլորտներում, – ընդգծեց Գագիկ Մինասյանը:
-Գագիկ Մինասյանն անդրադարձավ նաև այն տեսակետին, թե նախագահն իր ելույթի տողատակում նշում էր, որ չի հեռանալու ու շարունակելու է ղեկավարել երկիրը: «Այդ ելույթն ունի շատ ավելի բարձր մակարդակ, և ես չէի ցանկանա այդպիսի քննարկում ծավալել: Գոյություն ունեն ընտրություններ և Սահմանադրություն: Ժողովուրդը կորոշի, թե իրադարձություններն ինչպես պիտի կզարգանան»:
Անդրադառնալով ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համագործակցությանը՝ բանախոսն ընդգծեց, որ այդ համագործակցության հիմնական նպատակը երկիրը զարգացնելն է ու նոր մարտահրավերներին համատեղ ուժերով պայքարելու պատրաստակամությունը: