«Բորենու նման հոշոտել են զինվորին… »
Խաղաղ պայմաններում մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործով դատը կրկին հետաձգվել է:
Տիգրան Օհանջանյանը մահացել է 9 տարի առաջ: Պաշտոնական վարկածով՝ էլեկտրահարումից: «Ես սրանց պատասխանները չեմ ստացել։ Ինչի՞ պիտի գործը կասեցնեին, ինչի՞ համար, եթե նորմալ քննություն անեին, ես ինչի՞ պիտի սրանց պատասխանը հիմա չստանայի»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը:
19-ամյա Տիգրան Օհանջանյանի ծնողները բողոքարկում են որդու մահվան գործը կասեցնելու՝ Քննչական կոմիտեի որոշումը։ 5 տարի գործը քննելուց հետո իրավապահները եզրակացրել էին՝ քանի որ իրեղեն ապացույցները չեն պահպանվել, չի պարզվել այն անձը, ով պետք է ներգրավվեր որպես մեղադրյալ։
«Աբսուրդը սա է, եթե լիներ էլեկտրահարում, իրենք պիտի պատասխանեին մի շարք հարցերի, որոնք ես պետք է տայի.« Իմ երեխայի հագուստը եղել է պատառոտված, հոսա՞նքն է պատառոտել։ Մարմնի վրա վնասվածքներ կային՝ ականջը ուռած, աչքի տակը ուռած, ձեռքերի ներքևի մասում վնասվածքներ: Բորենում նման հոշոտել են…»։
Տիգրան Օհանջանյանի ծնողները վճռական են տրամադրված, նրանք համոզված են, որ իրենց որդին սպանվել է:
Մայրը պնդում է, որ պայքարելու է այնքան, մինչև բացահայտվեն որդու մահվան իրական հանգամանքները: