«Մաֆիան» անցնում է Կուտոյանի կողքով
Զարուհի Փոստանջյանի սուրն անցնում է նորանշանակ ԱԱԾ տնօրեն Գեւորգ Կուտոյանի կողքով: Պատգամավորը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ Գեորգի Կուտոյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչելու պահանջով։
Փոստանջյանը նշել է, որ խախտվել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի պահանջները, ըստ որի՝ այդ պաշտոնում «կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին երեք տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում»:
ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը տեղեկացրեց, որ երեկ ժամը 14:00-ին Զարուհի Փոստանջյանի հայցադիմումը մուտք է արվել: Գործի վարույթ ընդունելը կամ չընդունելը կորոշի դատավորը՝ առաջնորդվելով Վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ օրենսգրքով: Նախագահող դատավորը Գրիգոր Առաքելյանն է:
«Այս պաշտոնում որևէ մեկին նշանակելիս հարկ է հաշվի առնել չափանիշներ, որոնք սահմանված են օրենքով: Ազգային անվտանգության ծառայության տնօրենը մինչև այդ պաշտոնը ստանձնելը պիտի անցած լինի զինվորական ծառայություն, ապա անցնի առավել բարձր պաշտոնների և նոր միայն դառնա ԱԱԾ տնօրեն:
Այսինքն՝ Փոստանջյանի հայցը լիովին արդարացված է ու հիմնավորված: ԱԱԾ-ն կառավարությանն առընթեր մարմին է: Դրա տնօրենին նշանակում է հանրապետության նախագահը, բայց նա չի կարող այդ պաշտոնում նշանակել ցանկացած մեկին», – Henaran.am-ի հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Ի դեպ, թեմայի շուրջ մեր հարցումներն անպատասխան մնացին փաստաբանների շրջանում: Վերջիններս երբ լսում էին ԱԱԾ պետի նշանակման հետ կապված հարցադրումը նշում էին, թե զբաղված են, կամ ծանոթ չեն խնդրին: