17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անցումային փուլում

Փետրվարի 12-ին ՀՀ նախագահը հանդես եկավ ծրագրային ելույթով՝ մեկնաբանելով սահմանադրական հանրաքվեից հետո ձևավորված իրավահարաբերությունները, գնահատելով անցած ճանապարհը ու նախանշելով անցնելիքը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է ՀՀ նախագահի ելույթի կարևոր ուղերձներին.

-Ինչպե՞ս կմեկնաբանեք փետրվարի 12-ի իրադարձությունները:

-Ես կարծում եմ, որ ուրբաթ օրը երեք շատ կարևոր իրադարձություններ եղան: Եթե ժամանակագրական կարգով դասենք՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովն ընտրեց ՄԻՊ-ի թեկնածու, ՀՀ նախագահը նշանակեց ԱԱԾ-ի նոր տնօրեն և նախագահականում ծրագրային ելույթ ունեցավ՝ ամփոփելով սահմանադրական փոփոխություններից հետո պետության հիմնական խնդիրներն ու անելիքները:

-ԱԺ-ն Արման Թաթոյանին կհաստատի՞ իբրև ՀՀ չորրորդ օմբուդսմեն և կկարողանա՞ նա պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ավարտը:

-Չեմ կարծում, որ հարցը կոռեկտ է և անտեղի եմ համարում ի սկզբանե որևէ պաշտոնյայի հետագա գործունեությունը կասկածի տակ առնելը: Եթե ՀՀԿ-ն նրան է առաջադրել, ուրեմն վստահ է նրա մարդկային ու մասնագիտական կարողություններին, իսկ այդ կարողություններն իրոք տպավորիչ են, որը լուրջ երաշխիք է նրա գործունեության համար: Գուշակություններ չանենք, ամեն ինչ ունի իր ընթացքը:

-ԱԱԾ-ում ևս նոր դեմք հայտնվեց, որ համակարգից չէր, նախագահը նրան ներկայացնելով՝ լուրջ գործառույթներ սահմանեց, փոխվո՞ւմ է ԱԱԾ-ի գործունեության դաշտը:

– ՀՀ նախագահը շնորհակալություն հայտնեց Գորիկ Հակոբյանին երկարամյա պաշտոնավարման համար և նշանակեց իր խորհրդական, նաև պարգևատրեց պետական բարձր պարգևով: Սա շատ կարևոր հանգամանք է, և ոչ միայն որպես անհատի և համակարգի երկարամյա և նվիրումով աշխատանքի գնահատական: Գորիկ Հակոբյանը, իսկապես, հսկայական ճանապարհ է անցել և մեծագույն ներդրում ունի, այլև որ ապահովում է կառավարման շարունակականությունը: Իսկ ի՞նչ գործունեության դաշտ է փոխվում: Եթե նկատի ունեք կոռուպցիայի դեմ պայքարը, որ նախագահը շեշտադրեց իբրև ներքին անվտանգության ամրապնդման խնդիր, այդ չարիքի դեմ պայքարը համակարգի համար նոր գործառույթ չէ:

Կոռուպցիայի վերացումը կարևորագույն խնդիր է, որ այսօր խոչընդոտում է մեր տնտեսության զարգացմանը, պետական կառավարման բոլոր օղակներն էլ լուծում են նույն խնդիրը՝ ապահովել պետության առաջընթացը՝ ամեն կառույց ունի իր կոնկրետ գործառույթներն ու իրավունքները, բայց բոլորի աշխատանքի նպատակը մեկն է՝ պետականության ամրապնդումը: Վստահ եմ և լիահույս՝ սա իսկապես լինելու է ԱԱԾ-ի նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանի աշխատանքի ուղղություններից մեկը, և՝ արդյունավետ աշխատանքի:

-Ինչո՞ւ ՀՀ նախագահը իր ելույթում ոչինչ չասաց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության կամ կոալիցիայի մասին՝ հակառակ սպասումների:

-Կարծում եմ՝ սպասումներն էին սխալ, նախագահը լուծում էր բոլորովին այլ խնդիր՝ նա, կրկնում եմ, սահմանադրական փոփոխություններից հետո ներկայացնում էր ծրագրային դրույթներ, իսկ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը կամ դաշինքը բոլորովին այլ իրադարձություն է, որ, ըստ երևույթին, իմաստ չուներ միմյանց հետ շաղկապել: Այդ մասին կխոսվի առանձին, ու դա է ճիշտը: Ինքներդ համադրեք և կտեսնեք, որ ելույթը վերաբերում էր ամբողջ պետությանը՝ այսօրվա ու վաղվա կտրվածքով, ոչ կոնկրետ մեկ խնդրի:

-Ինչպե՞ս եք պատկերացնում նոր քաղաքական համակարգի ձևավորումը, զրոյի՞ց ենք սկսելու, թե՞ ինչ-որ հիմքեր, այնուամենայնիվ, կպահպանվեն:

-Չեմ կիսում Ձեր հարցի հեղափոխական տոնը, ինչո՞ւ զրոյից սկսել, երբ այսքան ճանապարհ ենք անցել: Խոսքը քաղաքական համակարգի և զարգացող կյանքի սոցիալական կառուցվածքին համապատասխանության մասին է՝ կուսակցությունների դերի ու գործառույթների, որ մեծանում է ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցումով: Սա մեխանիկական գործողություն չէ, պետք է իմաստավորել ու լավ պատկերացնել՝ արդյունավետ աշխատացնելու համար:

Խորհրդարանական կառավարման համակարգում կուսակցությունները և նրանց կոալիցիաները դառնում են կարևորագույն սուբյեկտ, որ ձևավորում են գործադիր մարմիններ, առաջարկում թեկնածուներ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնների համար: Փոխվում է քաղաքական մրցակցության պատկերը, կարևորվում են կապերն ընտրողների հետ, միջկուսակցական համագործակցությունը, սոցիալական խնդիրների համար փոխզիջումային լուծումներ գտնելը: ՀՀ նախագահը առանցքային խնդիր դրեց՝ հասարակական միջավայրի փոփոխությունը, որտեղ չեն լինի արտոնյալներ, այլ կլինի միասնական ժողովուրդ՝ կարգապահ, օրենքները հարգող, խաղաղություն սիրող, հպարտ:

«Մենք երկու գլխավոր արժեք ունենք՝ հայ ժողովուրդը և Հայաստանը, որ պիտի վեր լինեն մեր բոլոր մյուս արժեքներից: Եվ մեր բոլոր քայլերը, որոշումներն ու վարքն ամբողջությամբ պիտի բխեն այս երկու արժեքներից»՝ ասաց Սերժ Սարգսյանը: Վստահ եմ, որ այսպես են մտածում Հայաստանի ճակատագրով շահագրգիռ բոլոր հայերը, ամենաբարդը առաջադրված խնդիրը լուծելն է: Նախագահ Սերժ Սարգսյանը թվարկեց այն բոլոր ուղիները, որ մեզ կհասցնեն այդ նպատակին՝ հաշվի առնելով և արտաքին մարտահրավերները, և տնտեսության վիճակը:

Մենք ապրում ենք Սահմանադրությունից Սահմանադրություն անցումային փուլում և հենց այս ժամանակն է հատկապես վճռորոշ՝ հետագա տասնամյակներին օրենսդրական ու քաղաքական ամուր ու ճիշտ հենարաններ տալու համար: Հիմա լուծվում են համալիր խնդիրներ, որի առաջին կետը ազգային համաձայնությունն է, հետո մյուս, դարձյալ անհետաձգելի ու օր առաջ լուծում պահանջող խնդիրները: Պատահաբար չէր ՀՀ նախագահն ասում, որ մեր երկրին պետք են ոչ թե այս կամ այն ծրագրի չկայանալը հիմնավորող պաշտոնյաներ, այլ՝ ամեն գնով այդ ծրագրերն իրականացնող չինովնիկներ, որ իրենց պատասխանատվությունը ուրիշների վրա չեն գցում ու չեն վախենում քննադատությունից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ