Զորավար Անդրանիկին նվիրված ցուցահանդես՝ Հայաստանի ազգային պատկերասրահում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ միասին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Երևանի քաղաքապետարանի, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի, ինչպես նաև Աշխարհի հայ նկարիչների միության կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված 130 ստեղծագործություններից ընտրվել և այցելուներին է ներկայացվել շուրջ 65-ը:
Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է ցուցասրահում, ծանոթացել ցուցադրությանը:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության շրջանակում «Անդրանիկ Օզանյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Իլյիչ Բեգլարյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանին պարգևատրել է հիմնադրամի «Անդրանիկ Օզանյան» ոսկե մեդալով:
Ցուցահանդեսում արվեստասեր հասարակության դատին է ներկայացվել Փանոս Թերլեմեզյանի, Արամ Իսաբեկյանի, Էդվարդ Իսաբեկյանի, Հրանտ Թադևոսյանի, Փարավոն Միրզոյանի, Արա Շիրազի, Մկրտիչ Պապոյանի, Վիլիկ Զաքարյանի, Էդիկ Վարդանյանի, Հարություն Հարությունյանի, Միսակ Մելքոնյանի, Հ. Ռուխկյանի, Վարոս Շահմուրադյանի, Սերժ Մալցևի, Ռոբերտ Այվազյանի, Անահիտ Զարդարյանի, Գևորգ Մնացականյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Էդվարդ Սարգսյանի, Գևորգ Մշեցու, Արտո Քոչարյանի, Աշոտ Հարությունյանի և Ներսես Մելիքյանի ստեղծագործությունները, ինչպես նաև Մեծ զորավարի անձնական որոշ իրեր: