Իրար մերձենան և զավակ ծնեն …
Տեառնընդառաջը տոնվում է փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ երեկոյան է օրը փոխվում, իսկ հիմնական տոնը նշվում է 14-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը`հավելելով, որ այն անշարժ տոն է:
Անդրադառնալով տոնի նշանակությանը`եկեղեցու սպասավորը նշեց.
“Տեառնընդառաջ` նշանակում է Տիրոջն ընդառաջ դուրս գալ: Իր խորհուրդն այսպիսին է`Աստված երկնքից խոնարհվեց, ընդառաջ եկավ մարդկանց, որոնք Աստծուց հեռացել էին: Այդ ժամանակ մարդիկ ինչ ասես, որ չէին պաշտում, քանի որ պաշտամունքի կարիք ունեին, և Աստված ինքն ընդառաջ եկավ մարդկանց: Մարդիկ էլ այսօր են դուրս գալիս Տիրոջն ընդառաջ”:
Հոգեւորականը նշեց, որ եկեղեցին այդ օրը հռչակել է ընտանիքի տոն: “Փետրվարի 14-ին եկեղեցում պատարագ է մատուցվում: Պատարագի վերջում բոլոր զույգերին կբերվի դաս և կկատարվի նորապսակների օրհնության կարգ: Այդ օրը պետք է օրհնություն ստանան երիտասարդները, նորապսակները: Տոնի ժամանակ երիտասարդները պետք է դուրս գան Աստծու առաջ”:
Տոնի ժամանակ կրակ վառելը և թռչկոտելը ժողովրդական սովորույթ է, սակայն պետք չէ այն պաշտամունք դարձնել, քանի որ դա մոլորություն է. “Կրակը եկեղեցուց չէ,և եկեղեցին չի ընդունում կրակը”:
Ի դեպ, Տեառնընդառաջը չի վերաբերում նշանվածներին, քանի որ աղոթքն ասում է, որ իրար մերձենան և զավակ ծնեն: