17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոչ թե ձևական կոալիցիաներ, այլ՝ Ազգային միասնական կառավարություն է անհրաժեշտ. ՍԴՀԿ ատենապետ

Հարցազրույց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանի հետ:

– Տարածաշրջանային ռազմա-քաղաքական զարգացումները որքանո՞վ են անդրադառնում Հայաստանի վրա:

– Տարածաշրջանային հակամարտությունների ֆոնին Մերձավոր Արևելքն ու Կովկասը միաձուլվեցին, հատկապես՝ սիրիական պատերազմում Ռուսաստանի միջամտությունից հետո: Այստեղ Հայաստանը մտահոգվելու շատ հիմքեր ունի, քանի որ Մերձավոր Արևելքում կատարվող ամեն մի զարգացում իր բացասական կամ դրական ազդեցությունն է ունենալու մեր երկրի վրա: Թե՚ Մերձավոր Արևելքում և թե՚ Կովկասում գլխավոր դերակատարները նույնն են՝ Ռուսաստան, Թուրքիա, Պարսկաստան: Այն, ինչ այսօր կատարվում է Մերձավոր Արևելքում, դրանում Թուրքիան իր բացասական դերակատարություն ունի, և ավելին: Թուրքիան տարածաշրջանում անկայունություն է ստեղծում, և օգտագործում է իրավիճակը, նամանավանդ՝ գաղթականների հարցը, թեև փորձում է աշխարհին ներկայանալ գաղթականներ ընդունող մարդասիրական պետություն: Նա գաղթականների հարցը որպես թղթածրար է իր ձեռքում պահում և Եվրոպային ու աշխարհին պահանջներ է ներկայացնում:

-Որքանո՞վ կհստակեցվի տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո:

– Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը ողջունելի է, կարծում եմ՝ անարդար էր, որ դրանք ձգվում էին այսքան տարիներ: Մի բանի համար եմ ցավում, որ ժամանակին Հայաստանը չօգտագործեց տնտեսական այն բոլոր հնարավորությունները, երբ Իրանը փակ շուկա էր: Կարող էինք տնտեսական կամուրջ լինել, բայց չեղանք:

– Ի՞նչ ապագա եք կանխատեսում երբեմնի հայաշատ ու կազմակերպված սիրիահայ համայնքի համար:

– Սիրիահայության ապագան երկու անկյունից պետք է դիտարկել, մեկը՝ քաղաքական, մյուսը՝ մարդկային: Քաղաքական

առումով՝ Սիրիան այսօր քայքայման եզրին է, բառի բուն իմաստով, այսինքն՝ կարողացել է որոշ տարածքի մեջ պահպանել իր պետական գոյությունը, մնացածը քայքայված են: Որքան շուտ վերջանա պատերազմը, այնքան ավելի հեշտ կլինի վերականգնել երկիրը, իսկ խորանալու դեպքում՝ ավելի դժվար կլինի: Որքան երկար տևի պատերազմը, այնքան ակնհայտ կլինի Սիրիայի բաժանումը, դա կդառնա հրատապ. այնտեղ կա քրդական գործոնը, թյուրքմենների գործոնը՝ թուրքերի առաջ քաշած: Այս բոլորը երկիրը տանում են բաժանման: Մեր ցանկությունն է, որ Սիրիան պահպանի իր տարածքային ամբողջականությունը, վերադառնա խաղաղ կյանքի, և ժողովրդի կամքով ընտրվի իշխանություն: Հայության դերակատարությունը կապված է այս բոլորի հետ, այսինքն՝ որքան երկար տևի պատերազմը, այդքան ավելի դժվար կլինի վերականգնել մեր գաղութը: Մեր ցանկությունը գաղութը պահպանելն է:

Գանք մարդկային գործոնին. որքանո՞վ է ճիշտ մարդկանց պահել կրակների մեջ, երբ այնտեղ վտանգված է նրանց կյանքը:

Ինքնաբերաբար, պիտի նայեն դուրս և պիտի գնան խաղաղ պայմաններով երկրում ապրեն: Ցավոք սրտի, Հայաստանն ի վիճակի չէ անելու այն, ինչ արեց Կանադան. ճանապարհածախսի, կեցության և աշխատանքի հնարավորություն տվեց սիրիացի գաղթականներին: Դժբախտաբար, շատերի համար Հայաստանն ընտրվում էր ոչ թե բնակության վայր, այլ՝ որպես տարանցիկ երկիր՝ զուտ Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով: Անշուշտ, նրանք կփափագեին մնալ Հայրենիքում, բայց մի երկիր, որի ժողովուրդն է արտագաղթում, ինչպե՞ս կարող է հյուրընկալել գաղթականներ: Հայաստանն արեց այն, ինչ կարող էր:

– Ինչպե՞ս կգնահատեք Արցախի ներկա իրավիճակը և նրա շուրջ քաղաքական զարգացումները:

-Արցախի սահմանի ներկա իրավիճակը չենք համեմատի 2015 թվականի նույն ժամանակահատվածի հետ: Մեկ տարում ունենալ 60-ից ավելի զոհ, անշուշտ, ադրբեջանցիները ավելի շատ ունեն, սա արդեն պատերազմական իրավիճակ է: Հայաստանը Արցախի հարցի խաղաղ լուծման կողմնակից է եղել և կմնա: Հարցի կարգավորման նախադրյալն այն է, որ այն Ազգերի Ինքնորոշման իրավունքի շրջանակներից ներս պետք է լուծվի: Եվ բանակցային գործընթացներում Արցախը ևս պետք է ընդգրկվի: Մենք պետք է կառչած մնանք այն սկզբունքից, որը և ճիշտն է՝ Արցախը՝ ինքը, պետք է որոշի իր կարգավիճակը:

Պետք է ընդգծեմ նաև, որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել, դա փաստ է: Այս կետի վրա էլ պետք է կենտրոնանանք, Արցախը եղել է ինքնավար մարզ և այդ կարգավիճակում անկախություն է ձեռք բերել: Ավելի խոր զարգացումներ Արցախում չեմ տեսնում, քանի որ Ադրբեջանն այսօր ի վիճակի չէ, երկիրը ոչ միայն ներտնտեսա-քաղաքական խնդիրներ ունի, այլև Ալիևը՝ իշխանությունը պահելու:

– Հավանակա՞ն են ներքաղաքական զարգացումները Հայաստանում մինչ երկիրը կանցնի խորհրդարանական կառավարման

-Գալով մեր ներքին առօրյային՝ տեսնում ենք, որ որքան թեժանում է տարածաշրջանում իրավիճակը, այնքան տնտեսական հետևանքները դառնում են ավելի ծանր: Ռուսաստանի ներքաշվածությունն այս զարգացումներում ազդում է նաև Հայաստանի տնտեսական վիճակին: Մենք Հայաստանում պետք է ունենանք կայուն և համերաշխ իրավիճակ:

Մենք ողջունեցինք սահմանադրական փոփոխությունների գործընթացը, բայց և այնպես պետք է հետևողական լինենք: Եթե որևէ Սահմանադրություն թղթի վրա է մնում, ապա այն ձևական է դառնում: Սահմանադրությունը պետք է իրագործելի լինի:

– Կարծեք թե ընտրապայքարը մեկնարկել է: Կոալիցիան ինքնափրկությո՞ւն է, թե՞ շահավետ գործարք:

– Այն, ինչ տեսնում ենք այսօր մեր ներքաղաքական կյանքում՝ կոալիցիայի ձևավորում, դա չի բխում մեր վիճակի բարելավման շահերից: Սա հիշեցնում է մի կեղծ ամուսնություն. այսինքն՝ անձնական շահի համար ձևականորեն ամուսնանում են և բաժանման ժամանակն էլ հայտնի է: Այսօր Հայաստանի առօրյան պետք է լինի՝ ինչպես երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից, ինչպես վերականգնել ժողովրդի կորցրած հույսը ապագայի հանդեպ, ինչպես կասեցնել արտագաղթը: Այս կոալիցիան, որ պիտի ձևավորվի, այս հարցերին լուծում տալ չի կարող. այն ձևավորվում է զուտ ընտրական հաշիվների համար:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ խնդիրն այն էր, թե որ կուսակցությունն էր առաջին տեղը զբաղեցնելու, և շեշտը դրվում էր առաջին երկուսի վրա: Այս կոալիցիան նույն նպատակն է հետապնդում. 2017-ին որ կուսակցությունն է առաջինը լինելու, որը՝ երկրորդը: Եվ այս բոլորը ոչ թե ժողովրդի քվեով, այլ՝ պետական ռեսուրսները օգտագործելով:

Դրա համար են նախարարություններ ու մարզեր ձեռք բերում, որպեսզի իրենց ռեսուրսները օգտագործեն: Հայաստանն արդեն պաշտոնապես մտել է ընտրապայքարի փուլ. տեսնում ենք նոր ձևավորվող կուսակցություններ, և կլինեն էլի նորերը, ովքեր հանդես կգան որպես արմատական ընդդիմադիր կուսակցություն: Քիչ առաջ նշեցի, թե Հայաստանը որքա՜ն մեծ դժվարությունների առջև է կանգնած, և եթե մենք այսօր մեկնարկում ենք ընտրապայքար և մինչև 2017 թվականի մայիս ամիսը զբաղվենք միայն ընտրություններով, ապա ժողովրդի հիսաթափությունն էլ ավելի կխորանա: Որովհետև, մենք որպես պետություն, այնքա՜ն անելիքներ ունենք, և որևէ կուսակցություն՝ իշխանական թե ընդդիմադիր, չպետք է իր առօրյան ընտրություններով լցնի: Այնքա՜ն հարցեր կան լուծելու, բայց ո՞վ է լուծելու:

-Սփյուռքը, որպես Հայաստանում խոշոր ներդրող, իր շահերն ու իրավունքները կարո՞ղ է պաշտպանել Հայրենիքում և ներգրավվել պետականաշինության մեջ:

-Ելնելով ժողովրդի տնտեսական խնդիրների առօրյա ծանր հոգեվիճակից, և տեսնելով Սփյուռքում ինչպես են արձագանքում Հայաստանի ներկա իրավիճակի վերաբերյալ, ես տեսնում եմ թե՚ Սփյուռքում և թե՚ Հայաստանում հույսի կորուստ կա: Ոչ մեկն այսօրվա Հայաստանի հետ հույսեր չի կապում: Իսկ հույսի կորուստը որտեղի՞ց է գալիս. վստահության չգոյությունից: Լինի դա իշխանություն, թե ընդիմություն, նպաստավոր իրավիճակ ստեղծող որևէ մի կուսակցություն կամ իշխանություն գույություն չունի:

Սփյուռք-Հայաստան ինտեգրացման գործնական ծրագիր պետք մշակվի, և դրա ամենավառ մեխանիզմը Ազգային միասնական կառավարության ստեղծումն է, որում կընդգրկվի նաև Սփյուռքը: Ի՞նչն է արգելում, որ Սփյուռքը Հայաստանում ունենա չորս-հինգ նախարարություն: Տնտեսության զարգազման համար կարևոր ազդակ է տուրիզմը, ինչո՞ւ չստեղծել Տուրիզմի նախարարություն և նրա ղեկավարումը հանձնել սփյուռքահայի, և այսպես միշարք օրինակներ: Երկրի տնտեսական զարգացման գործում կարելի է ընդգրկել բոլոր սփյուռքահայերին: Սա է միակ ձևը: Գանգատվում ենք, որ Սփյուռքը Հայաստանին չի սատարում: Այո՚, որովհետև վստահություն չունի, և հույսն էլ է կորցրել, որ կարող է ինչ-որ բան փոխել, եթե նյութական ներդրում էլ ունենա: Հետևաբար, պարտավոր ենք պատկերը փոխել. հույս արթնացնել ժողովրդի մեջ և Սփյուռք-Հայաստան ինտեգրացման ծրագիրը գործնականորեն առաջ մղել:

-Ազգային միասնական կառավարություն ստեղծելու այս առաջարկին իշխանությունները ի՞նչ մոտեցում կունենան:

-Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ պարտադիր չէ, որ Ազգային միասնական կառավարությունը կուսակցականացվի, Սփյուռքը պետք է ներգրավված լինի ընդհանուր գործընթացի մեջ: Չէ՞ որ սա մեր բոլորի Հայաստանն է: Խոսքով չէ, այլ՝ գործնականորեն պետք է դա ապացուցել: Այլևս պետք չէ ընկալել Հայաստանը տուրիզմի կենտրոն, սփյուռքահայը Հայաստանը պիտի

-Ինչո՞ւ Սփյուռքը ներգրավված չէ պետականաշինության գործընթացում:

-Որովհետև ներքաշված չէ: Մենք Սփյուռքը տեսնում ենք, որպես նյութական և ներդրումներ ձեռք բերելու միջոց: Դա այս համակարգում տեղ չի ունենալու: Համակարգի փոփոխության մեջ Սփյուռքը իր դերակարտարությունը պիտի ունենա: Սփյուռքը վստահություն չունի, Հայաստանի հասարակությունն՝ առավելապես: Այստեղ Սփյուռքին <գոհացնելու> խնդիրը չէ, այլ՝ նրա ներուժը պետք է օգտագործել որպես միջոց, որ նա ինտեգրվի պետականաշինության գործընթացին: Մեր ամենամեծ ռեսուրսը, որպես հայ ժողովուրդ, Սփյուռքն է, և մենք դա չենք օգտագործում:

-Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) մասնակցելո՞ւ է 2017 թվականի ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին և ի՞նչ ձևաչափով:

-ՍԴՀԿ-ն, միանշանակ, պետք է իր մասնակցությունը բերի Հայաստանի Ազգային Ժողովի ընտրություններին: ՍԴՀԿ-ն ինքնին

արժեքներ և սկզբունքներ ներկայացնող օրինակելի կուսակցություն է, իսկ այդպիսինները Հայաստանի քաղաքական դաշտում այսօր բացակայում են: Քաղաքական դաշտը պիտի վերաձևավորվի ոչ թե անհատների, կամ նյութական կարողությունների տեր անձանց, այլ՝ գաղափարների և սկզբունքների հավաքականության շուրջ: Եվ ՍԴՀԿ-ն այդ օղակը կարող է կազմել, այս բացը պետք է լրացնել:

Պաշտոնապես կարող եմ հայտարարել, որ ՍԴՀԿ-ն 2016-ին կանխահաս ընդհանուր համագումար է հրավիրելու Հայաստանում, որի ընթացքում էլ կորոշենք ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին մեր մասնակցության ձևաչափը: Համագումարը կկայանա այն ժամանակ, երբ կունենանք ներքաղաքական ձևավորված պատկեր, որի հիման վրա էլ կկայացնենք մեր որոշումները: Համագումարի կարևոր օրակարգերից մեկը Հնչակյան կուսակցության նոր կանոնադրության վավերացումն է:

Հարցազրույցը՝ Ջեմմա Բաղդադյանի և Սաքո Արյանի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ