Ո՞վ կընտրվի ՄԻՊ
Այսօր տեղի է ունենալու ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի առաջադրման հարցն է: Երեկ կայացած հանձնաժողովի նիստում հաստատվել է ՄԻՊ երեք թեկնածու, որոնցից մեկն էլ այսօր պետք է ընտրվի որպես վերջնական թեկնածու, և ներկայացվի ԱԺ քվեարկությանը:
Հանձնաժողովի նիստում նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ իրենք ստացել են չորս դիմում՝ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Էդմոն Մարուքյանը առաջադրել են ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն առաջադրել է Նարեկ Ալոյանի, ՀՀԿ-ական պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Գագիկ Մելիքյանը, Ռոբերտ Սարգսյանը, Հրանտ Գրիգորյանը, Լևոն Մարտիրոսյանը և Վահրամ Մկրտչյանը առաջադրել են Արման Թաթոյանի, իսկ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը առաջադրել է Մակար Եղիազարյանի թեկնածությունը: Սակայն վերջինիս թեկնածությունը չի հաստատվել իրավական հիմքի բացակայության պատճառով:
Հովհաննես Սահակյանը նշել է, որ ի դեմս Տիգրան Ուրիխանյանի մեկ թեկնածուի դիմում արդեն ներկայացվել է, հետևաբար Նաիրա Զոհրաբյանը այլևս չէր կարող թեկնածու առաջադրել:
Ինչպես նշեցինք, այդ երեք թեկնածուներից այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը պետք է ընտրի այն միակ թեկնածուին, որին պետք է առաջադրի որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու փետրվարի 22-ին կայանալիք ԱԺ հերթական նստաշրջանի քննարկման համար: