Հղի կանայք պահանջում են դադարեցնել հետապնդումը
Երկու հարյուր հիսուն հիվանդներ ու հղի կանայք պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը ծննդկան Մերի Մարգարյանի մահվան համար մեղադրվող, «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի նկատմամբ:
Բժշկուհու փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, որ 250 հիվանդներ եւ հղի կանայք այս պահանջով դիմում են ուղարկել Գլխավոր դատախազություն եւ Քննչական կոմիտե:
«Մարդիկ դիմում են գրել ու ասելիք ունեն: Ես հազիվ համոզել եմ, որ փողոցում ակցիա չանեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիրունյանը:
Սիրունյանը չի բացառում, որ կանայք ակցիա իրականացնեն փողոցում` պատկան մարմիններին հորդորով.«Քննչական կոմիտե՞ն է մեր ծնունդն ընդունելու, այ քեզ բան: Շուշանիկ Բախշյանը հարյուրավոր կյանքեր է փրկելու ծնունդներ ընդունել: Դատապարտող դիրքորոշմամբ չի կարելի…»,-եզրափակեց Ալեքսանդր Սիրունյանը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։
2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը: Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա գրավի դիմաց ազատ է արձակվել: