Կվերանորոգվեն «Արփա-Սևան» թունելի վթարային հատվածները
Ոռոգման ոլորտի կազմակերպությունների գործունեության և կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև «Արփա-Սևան» N2 թունելում նոր ի հայտ եկած առանձին վթարային ատվածների հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման և ֆինանսավորման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետն ընդգծել է, որ «Արփա-Սևան» թունելի հետ կապված կա լուրջ անելիք, ինչը հնարավորություն կտա Սևանա լիճ ավելի շատ քանակությամբ ջուր տեղափոխելու: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցը քննարկվել է ՀՀ Նախագահի հետ, և հանձնարարել է պատասխանատուներին վերանորոգման աշխատանքները հնարավորինս արագ իրականացնել:
ՀՀ վարչապետի 2016թ. հունվարի 8-ի հանձնարարականի կատարումը սահմանված ժամկետում՝ մինչև 2016թ. մարտի 31-ը, ապահովելու, ինչպես նաև շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների որակի բարձացման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ առաջարկվում է նշված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների գնումների գործընթացն իրականացնել պարզեցված ընթացակարգով: Բացի այդ, առաջարկվում է, որ մինչև 50 մլն դրամի շինարարական աշխատանքների պարագայում վերը նշված նախագծային աշխատանքներն իրականացվեն տեղերում՝ մարզպետարանների կողմից: Ողջունելով քաղաքաշինության նախարարության մոտեցումը՝ գործադիրի ղեկավարը շեշտել է, որ լիազորությունների ապակենտրոնացումը հնարավորություն է տալիս տարածքային կառավարման մարմիններին իրենց մասնակցությունը բերել նախագծային աշխատանքներին: