Տեղյակ են
Մայրաքաղաքի 22 պոլիկլինիկաներ տարիներ շարունակ գործում են անմխիթար վիճակում թե շենքային պայմանների, թե տեխնիկական վերազինման առումով: Նոր Արեշի երկրորդ պոլիկլինիկայում թեկուզ ջեռուցման համակարգը տաքացնում է ամբողջ շենքն, այդուամենայնիվ, խորհրդային տարիներից ժառանգություն ստացած պատուհանների ճեղքերն այնքան լայն են, որ ջերմությունն անմիջապես դուրս է սողոսկում:Իսկ առաստաղից ու պատերից հոսող ջուրը ձնհալի եւ հորդառատ անձրեւից հետո հիշեցնում է հայտնի Նիագարայի ջրվեժը:
Սակայն վերջին մեկ եւ կես տարվա ընթացքում պոլիկլինիկաներից շատերը գոնե վերազինվել են տեխնիկապես, նոր սարքավորումներ, լաբորատոր սարքեր, որոնք օգնում են ավելի արագ կատարել հետազոտություններ: Պոլիկլինիկաների բոլոր ծառայություններն անվճար են, եթե հիվանդները դիմում են տեղամասային թերապեւտին եւ միայն նրա ուղեգրով են անցնում համապատասխան բուժզննում:
Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչեւ 2017 թվականը պոլիկլինիկաներում ջեռուցման համակարգեր տեղադրելու գործընթացը, որն իրականացվում է Երեւանի քաղաքապետի նախընտրական ծրագրի շրջանակներում:
«Մեր առաջնային օղակում ունենք խնդիրներ, քանի որ բոլոր պոլիկլինիկաների շենքերը 30 եվ 40 տարուց ավելի տարիք ունեն, սակայն քաղաքապետի նախընտրական եւ աջակցություն առողջապահական հիմնարկներին ծրագրի շրջանակներում 2013-2015 թվականներին մոտ 88 անվանում ամենաժամանակակից տեխնիկա է տրամադրվել պոլիկլինիկաներին: 2016 թվականին 10 պոլիկլինիկաներում կանցկացվեն ջեռուցման համակարգեր եւ եւս 7-ում ամբողջությամբ կփոխվեն դռներն ու պատուհանները»:
Կամսար Բաբինյանը նշեց, որ այս տարի մեծ ուշադրություն է դարձվելու առաջնային օղակում սիրտանոթային հիվանդությունների հետազոտման եւ հնարավոր բուժման վրա՝ ժամանակակից համապատասխան տեխնիկա տրամադրելով պոլիկլինիկաներին: