«Հայկական օր» Լեհաստանում
Փետրվարի 6-ին Լեհաստանի Բիեժուն քաղաքում տեղի ունեցավ «Հայկական օր» խորագրով միջոցառում, որը կազմակերպվել էր Բիեժունի քաղաքապետարանի, «Բիեժունի բարեկամներ» հասարակական կազմակերպության և Բիեժունի թանգարանի կողմից` Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո:
Հայաստանին նվիրված միջոցառման շրջանակներում ներկայացվեցին լեհ ճանաչված հոգևորական և լուսանկարիչ Ստանիսլավ Պինդերայի «Հայաստան. ձեռքի հեռավորություն» խորագրով լուսանկարչական աշխատանքները, որոնցում պատկերված են Հայաստանի տեսարժան վայրերը, պատմամշակութային հուշարձանները, վանքերն ու եկեղեցիները, ինչպես նաև հայ ճանաչված աշխարհագրագետ և քարտեզագիր Ռուբեն Գալիչյանի «Հայաստանի պատմական քարտեզներ» ցուցահանդեսը:
Միջոցառման ընթացքում Բիեժունի թանգարանի տնօրենը ներկայացրեց իրենց թանգարանում Հայաստանին նվիրված ցուցադրություն կազմակերպելու նախապատմությունը, ծրագրի նպատակը և բովանդակությունը: Այնուհետև ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Բիեժունի քաղաքապետ Անդժեյ Շիմայնսկին, Լեհաստանի Սեյմի պատգամավոր Վալդեմար Օլեյնիչակը, Ժուրոմինսկի շրջանային խորհրդի նախագահ Յերժի Ժիմովսկին:
Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին Հայաստանն իրենց քաղաքի ու տարածաշրջանի հասարակությանը ներկայացնելու համար, դեսպան Ղազարյանն ընդգծեց, որ հայ և լեհ ժողովուրդները կապված են դարավոր բարեկամությամբ: Դեսպանը նկատեց, որ անհրաժեշտ է օգտագործել միմյանց մասին առավելագույն իմանալու, ինչպես նաև մարդկանց միջև շփումները խորացնելու ու երկկողմ բարեկամությունն ամրապնդելու ուղղված բոլոր հնարավորությունները:
Միջոցառմանը ելույթ ունեցավ «Մուսալեռ» գործիքային համույթը:
Միջոցառմանը մասնակցեցին տարածաշրջանի քաղաքական, մշակութային գործիչներ, Բիեժունի և հարակից բնակավայրերի հանրակրթական դպրոցների տնօրեններ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսը կշարունակի գործել մինչև 2016 թվականի օգոստոսի 10-ը: Այդ ժամանակահատվածում թանգարան կայցելեն տարածաշրջանի հանրակրթական դպրոցների աշակերտները, որից հետո նրանց միջև կանցկացվի Հայաստանին նվիրված նկարների մրցույթ, որի հաղթողների կպարգևատրվեն Վարշավայում Հայաստանի դեսպանությունում: