Անվստահ հաղթանակների երեկո. Իսպանիայի առաջնություն /վիդեո/
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում ավարտին է մոտենում 23-րդ տուրը: Մրցաշարային աղյուսակի առաջատար կատալոնական «Բարսելոնան» մեկնել էր Վալենսիա՝ տեղի «Լևանտեի» հետ արտագնա հաղթանակի հետևից: Հանդիպումն անցավ հիմնականում տխուր ու անհետաքրքիր պայքարում: Կապտանռնագույնների երկրպագուների սպասելիքները չարդարացան. գրանցվեց դարպասի միայն 2 գրավում, որոնցից մեկն էլ ինքնագոլ էր: 21-րդ րոպեին պատահմամբ սեփական դարապսը գրավեց «Լևանտեի» դաշտպան Դավիթ Նավարոն: Կամ դաշտի տերերն էին լավ պաշտպանվում, կամ էլ կատալոնացիները գրոհելու նպատակ չունեին: Միայն մրցավարի ավելացված ժամանակում Լուիս Սուարեսը խփեց խաղի վերջին գնդակն ու դրեց վերջակետը՝ 2-0: Ի դեպ «Լևանտեի» հետ հանդիպումը 100-րդն էր «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի համար, և այդ 100 հանդիպումներից 81-ում կատալոնացիները հաղթանակ են տարել:
Կատալոնացիների գլխավոր հետապնդող Մադրիդի «Աթլետիկոն» սեփական հարկի տակ ուսուցողական հաղթանակ տարավ «Էյբարի» նկատմամբ: Առաջին կեսում երկրպագուները դարպասի գրավում չտեսան, փոխարենըւ երկորդում սկսվեց գոլերի իսկական տարափ: 46-րդ րոպեին Սաուլի կոպիտ սխալից օգտվեց Կեկոն ու առաջ մղեց հյուրերին: 9 րոպե անց հաշիվը հավասարվեց: Անկյունայինի խաղարկումն ավարտվեց Խիմենեսի դիպուկ հարվածով: 62-րդ րոպեին պատկերը կրկնվեց: Նորից անկյունային ու նորից գոլ: Այս անգամ աչքի ընկավ առաջին գոլի մեղավոր Սաուլը: Հանդիպման վերջակետը դրեց Ֆերնանդո Տորրեսը: Մադրիդցիների հարձակվողը խփեց իր 100-րդ գնդակը «Ատլետիկոյի» կազմում: 3-1՝ մադրիդցիները հաղթեցին ու հետ չմնացին «Բարսելոնայից»:
Մադրիդի «Ռեալը» դժվարին հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ՝ 2:1: Անդալուսիայում կայացած խաղի հաշիվը 30-րդ րոպեին բացեց Կարիմ Բենզեման: Երկրորդ խաղակեսում Արքայական ակումբը կորցրեց մի քանի գոլային պահ: Մասնավորապես նույն Կարիմ Բենզեման կարող էր առնվազն 2 անգամ կամ գոնե դիպուկ հարվածել, կամ էլ փոխանցում կատարել ազատ Ռոնալդուին: Բայց հարձակվողի տարրական ժլատությունը բերեց անցանկալի հետևանքների: «Գրանադան» 60-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: Հանուն արդարության պետք է նշել, որ այդ գոլի գրոհին մասնակցեց նաեւ հանդիպման գլխավոր մրցավարը: Հենց նա Լուկա Մոդրիչին պատահմամբ «օգնեց» կորցնել գնդակը, այն հայտնվեց Յուսեֆ Էլ Արաբիի մոտ, նա էլ խփեց պատասխան գնդակը: Երկար ժամանակ «Ռեալին» չէր հաջողվում ստեղծել իրական գոլային պահ, սակայն հաղթանակ կորզել այնուամենայնիվ ստացվեց: 85-րդ րոպեին գեղեցիկ գոլով խաղին վերջակետ դրեց նույն Լուկա Մոդրիչը՝ ուղղելով իր սխալը: Զինեդին Զիդանի թիմը 50 միավորով երրորդն է եւ մեկ միավոր է զիջում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին»: Առաջատար «Բարսելոնան» ունի 54 միավոր ու մեկ խաղ էլ պակաս է անցկացրել: