25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի կտրիր այն ճյուղը, որի վրա նստած ես, կամ՝ աջակցություն տնտեսվարող ընկերություններին

Նախօրեին գործադիրը մի շարք որոշումներ է ընդունել, որոնք ուղղված են առանձին տնտեսվարող սուբյեկտներին հարկերից և տույժերից ազատելու, ինչպես նաև հարկային պարտավորությունները կատարելու ժամկետները հետաձգելու միջոցով աջակցություն տրամադրելուն:

Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2016թ. հուլիսի 31-ը: Ներդրումային ծրագրի շրջանակում` Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում ընկերությունը նախատեսում է զբաղվել բարձր որակի հոլանդական վարդերի աճեցմամբ: Դրա համար ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 1.637 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 1.337 մլրդ դրամը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելու համար: Ծրագրի արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ:

Որոշում ընդունվեց նաև թույլատրել  «Սամտ հոլդինգ» ՍՊԸ-ին «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալել: «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել արտահանման ծավալների աճը ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ինչպես նաև նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ հավանություն է տվել ««Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է «Հրազդան ցեմենտ» ընկերությանը ազատել 510 միլիոն դրամ տույժից, որն առաջացել էր ընկերության հարկային  և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ոչ ժամանակի կատարելու հետևանքով առաջացած տույժերից:

Բանն այն է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետևանքով ընկերության աշխատանքն ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վրա` արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ: Արդյունքում Ընկերության գույքը և հաշիվները գտնվում են արգելանքի տակ և գույքի հարկադիր վաճառքը կհանգեցնի ձեռնարկության տեխնոլոգիական ամբողջության խաթարմանն ու գործունեության դադարեցմանը, կփակվեն ընկերությունում առկա 450-ից ավելի աշխատատեղերը: Հարկ է նշել, որ գույքի հարկադիր վաճառքից պետական բյուջեի մուտքեր չեն ապահովվի, քանի որ ընկերության գույքը վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունում և վերջինիս է պատկանում ընկերության պարտավորությունների դիմաց առաջնահերթ բավարարման իրավունքը:

Ներկայումս ընկերությունն իրականացնում է արտադրության ընդլայնման աշխատանքներ. ըստ ընկերության ծրագրի, որն արժանացել է ՎՏԲ-Հայաստան բանկի հավանությանը, նախատեսվում է ցեմենտի արտադրության 2016թ. տարեկան ծավալը հասցնել մինչև 200 հազար տ. և ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր: Վերը նշվածի արդյունքում (ըստ ընկերության գնահատականի) պետբյուջե կվճարվի ավելի քան 700 մլն դրամի հարկեր:

Նշենք, որ գործարանն ունի երկու տեխնոլոգիական հոսքագիծ` տարեկան 1,2 մլն տոննա ցեմենտի և 1 մլն տոննա ցեմենտի կիսապատրաստուկի արտադրության նախագծային հզորությամբ։

Հաշվի առնելով այն, որ Հայաստանում կան բոլոր պայմանները ցեմենտի արտադրությունը զարգացնելու համար` տեղական հումք, լավ սարքավորումներ, որոնք թույլ են տալիս արտադրել որակյալ և մրցունակ արտադրանք և այն որ, արտադրողների համար բարդ ժամանակաշրջանում նրանց նկատմամբ կիրառվող անհանդուրժող քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ ձեռնարկությունը կփակվի, գործադիրը նպատակահարմար է գտել ընկերության կողմից պետական բյուջեի հանդեպ կուտակած հարկերի մասով առաջացած տույժերի ներման միջոցով` հնարավորություն ընձեռել Ընկերությանը շարունակելու արտադրական գործունեությունը: Ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում կմարվեն ընկերության պարտքերը և կստեղծվեն նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը:

Ստեղծված անբարենպաստ տնտեսական իրավիճակում, հարկային քաղաքականության ճկունությունը հրամայական է: Պետական բյուջեի եկամուտները ապահովելու  խնդիրը առաջնահերթ, «կոշտ» և անվերապահորեն կատարելը կարող է հանգեցնել մի իրավիճակի, որ այդ խնդիրը տառնա ուղակի անկատարելի:  Իհարկե, անհրաժեշտ է նաև նման կազմակերպությունների նկատմամբ հսկողություն իրականացնել, հնարավոր չարաշահումներից խուսափելու և նախադեպը օրինաչափություն չդարձնելու նպատակով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ