ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու քայլը հետընտրական նոր իրավիճակում ադեկվատ է. Արամ Մանուկյան
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ամբողջությամբ կիսում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցում արտահայտած տեսակետները, որտեղ նա անդրադարձել է ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու գաղափարին:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, սա չի նշանաոկում, թե ՀՀՇ-ն որպես կուսակցություն լուծարվելու է: ‘’Ձեւերը բազմազան են, կան վերակազմակերպման, միաձուլման մեթոդները, որը բացառում է լուծարումը: Օրենքը ասում է, որ կուսակցությունը կարող է վերակազմակերպվել, վերաձեւավորվել եւ վերամիավորվել այլ կուսակցությունների հետ’’,-նշեց նա եւ հավելեց, որ այս պահին չի կարող ասել, թե որ մեթոդը կընտրվի:
ՀՀՇ վարչության նախագահի խոսքով, ՀՀՇ-ն վարչության նիստ կգումարի եւ որոշումներ կկայացնի: Հարցին, թե ով է ղեկավարելու ապագա կուսակցությունը, Արամ Մանուկյանը արձագանքեց.’’Եթե չկա այդ կուսակցությունը, ես ինչպես կարող եմ ասել` ով է ղեկավարելու: Ես կառաջարկեի Լեւոն Տեր-Պետրոսյանին’’:
Արամ Մանուկյանը դժվարացավ նշել, թե ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններից քանիսը նոր կուսակցության մեջ կմտնեն: ‘’Իրենք պետք է որոշեն, ես չեյմ կարող ասել’’:
Henaran.am-ի հիշեցմանը, թե իր հարցազրույցում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու ուղղությամբ արդեն իսկ քննարկումներ կան , Արամ Մանուկյանը նշեց. ’’Իմ իրավասությունների մեջ չէ այլ կուսակցությունների հետ քննարկումներ անցկացնել, եւ ես չեմ էլ մասնակցել այդպիսի քննարկումների: Եթե ուրիշները մասնակցել են այդ քննարկումներին, դա իրենց գործն է: Յուրաքանչյուր կուսակցություն ինքը պետք է որոշի իր անելիքը’’:
Դիտարկմանը, թե ՀԱԿ-ն այս քայլին գնում է` վերականգնելու քաղաքական դաշտում կորցրած իր ազդեցությունը, Արամ Մանուկյանը պատասխանեց.’’Ես գնահատում եմ, որ հետընտրական լրիվ նոր իրավիճակ կլինի եւ այդ իրավիճակին ադեկվատ կուսակցությունները, մասնավորապես ՀՀՇ-ն պետք է արձագանքի եւ նոր իրավիճակում պետք է նոր մոտեցումներ լինեն’’:
Արամ Մանուկյանի խոսքով, ստեղծված իրավիճակում նոր ֆորմատի ստեղծումը ադեկվատ է: ‘’Սա պարզապես ճիշտ արձագանքն է ժամանակին, այսօրվա իրավիճակին: Ես այդ քայլը գնահատում եմ շատ ճիշտ, ինձ համար նորություն չէր այդ քայլը եւ լիովին համաձայն եմ այդ մոտեցմանը’’,-շեշտել է Արամ Մանուկյանը եւ հավելել.’’Ընտրություններից հետո ընդդիմությունը նոր ասելիքով եւ նոր ֆորմատով պետք է հանդես գա’’:
Մանուկյանի համոզմամբ` ընտրություններին ՀԱԿ-ի չմասնակցելու հանգամանքն առավել եւս նոր իրավիճակ է ստեղծել ՀՀ քաղաքական դաշտում: