19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մենք պետք է շատ շատ հասկանալի ուղերձ հղենք Նախագահ Ալիևին, մեր մայրցամաքի վերջին բռնակալներից մեկին»

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում։

«Պարոն նախագահող,

Հարգելի գործընկերներ:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել երկու զեկուցողներին էլ՝ տիկին Ռեփսին և պարոն Կրուխտենին, այն հսկայածավալ աշխատանքի համար, որն ընկած է այսօր մեր դատին ու քննարկմանը ներկայացված զեկույցների հետևում: Այն ևս մեկ օրինակ է, որ Խորհրդարանը հետևողական է՝ մեր առանցքային արժեքների մասին բարձրաձայնելու այնքան ժամանակ, քանի դեռ դրանք կայուն կերպով երաշխավորված չեն Եվրոպայի խորհրդի ողջ տարածքում:

Ակնհայտ է, որ գործուն քաղաքացիական հասարակության առկայությունը առանցքային է ժողովրդավարական պետության համար, իսկ ազատ արտահայտվելու, հավաքների ու միավորումներ կազմելու ազատության իրավունքը կենսական նշանակություն ունի քաղաքացիական հասարակության բնականոն գործառնության համար: Այս տեսակետից, հասարակական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու, իրավապաշտպանների վրա հարձակումներ գործելու, նրանց քաղաքական հետապնդման ենթարկելու կամ բանտարկելու աճող միտումները մի շարք երկրներում, մասնավորապես, մեր հարևան Ադրբեջանում, որը կարծես, մարդու իրավունքների եվրոպական քարտեզի վրա գնալով ավելի ընդլայնվող մի սև խոռոչի է նմանվում, առավել քան մտահոգիչ է:

Զույգ զեկույցները հնարավոր լավագույն ձևով ցույց են տալիս այն վիճակը, որում գտնվում է ժողովրդավարությունը Ադրբեջանում՝ ՀԿ-ների գործունեության սահմանափակմանն ուղղված գնալով առավել ծանրացող օրենսդրական ու վարչական կանոնակարգումներ, քաղաքացիական հասարակության սերմերի ոչնչացմանն ուղղված շարունակական գործողություններ, քաղաքական շարժառիթներով պայմանավորված տասնյակ հեապնդումներ ու դատական գործեր, և բոլոր նրանց բանտարկություններ, ովքեր քննադատաբար են տրամադրված Ադրբեջանի իշխանությունների և Ալիևների ընտանիքի հանդեպ: Այստեղ՝ ժողովրդավարության այս տանը, շատերի համար կարող է անգամ զարմանալի թվալ օրենսդրական այն սահմանափակումները, որոնք պարտադրվում են Ադրբեջանում գործող քաղաքացիական հասարակության կառույցներին: Այսպես, որպեսզի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները իրենց տեղական գրասենյակն ունենան Ադրբեջանում, նրանց օրենսդրորեն պարտադրվում է համաձայնագիր կնքել Արդարադատության նախարարության հետ, որով պարտավորություն կստանձնեն <հարգել Ադրբեջանի ազգային բարոյական արժեքները> և <չներգրավվել քաղաքական քարոզչության մեջ>: Ակներև է, և զեկուցողները ճշմարտացիորեն դա արձանագրում են, որ հնարավոր չէ կոնկրետության մեջ մեկնաբանել այս դրույթները, որոնք իրականում, ական են, հիմք են՝ մեղադրելու բոլոր նրանց, ովքեր որևէ քննադատություն կկատարեն՝ ուղղված Ալիևի վարչախմբին:

Միջազգային հեղինակավոր բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք, Եվրոպայի խորհրդի, Եվրամիության ու մյուսների հետ մեծ աշխատանք են կատարել՝ սնուցելով քաղաքացիական հասարակության ծիլերը հեխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մասնավորապես Ֆրիդոմ հաուսը, Հյուման րայթս ուոթչը, Ամնեսթի ինթերնեյշնլը, Թրանսթարենսի ինթերնեյշնլը և ուրիշները, Ադրբեջանի իշխանությունների և այստեղ՝ այս դահլիճում, մեր կողքին նստած ադրբեջանցի մեր գործընկերների կողմից մեղադրվում են երկակի չափանիշներով առաջնորդվելու մեջ, նման կեղծ հիմնավորումներով, փորձելով ապացուցել Ադրբեջանում վերջիններիս գործունեության կոշտ սահմանափակումների արդարացիությունը: Ավելին, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կողմնապահորեն զրկված են հարյուր ութսուն եվրոն գերազանցող օտարերկրյա ֆինանսավորում ստանալու հնարավորությունից: Մի կողմ եմ թողնում Ալիևի ավտոկրատական վարչակարգի հանդեպ քննադատաբար տրամադրված հասարակական կազմակերպությունների գրանցումը մերժելու արատավոր պրակտիկան:

Գործընկերներ,

Նայելով մեր տարածաշրջանին, կարող ենք ասել, որ այս զեկույցները վերաբերում են ոչ միայն ՀԿ-ների գործունեության անթույլատրելի սահմանափակումներին և հետապնդման ենթարկվող իրավապաշտպաններին, այլև՝ խաղաղության հեռանկարներին: Բացատրեմ, թե ինչ ի նկատի ունեմ: Տիրապետող գեբելսյան պետական քարոզչության պայմաններում, երբ աշխարհասփյուռ ողջ հայությունը հռչակված է որպես ադրբեջանցիների թշնամի, երբ մարդասպան Ռամիլ Սաֆարովը հռչակված է որպես ազգային հերոս և մատաղ սերնդի համար վկայակոչվում է որպես լավ օրինակ, բոլոր նրանք, ովքեր խոսում, բարձրաձայնում են խաղաղության և դիվանագիտորեն բանակցված ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին, որակվում և պիտակավորվում են իբրև <Ադրբեջանի ազգային դավաճաններ և Հայաստանի լրտեսներ>: Պետական քարոզչությունը նրանց բոլորին ներկայացնում է որպես ազգային դավաճաններ՝ թարմացնելով Ստալինի դաժան ժամանակների վերաբերյալ մեր բոլորի հիշողությունը: Ցավոք, ժամանակս չի հերիքի թվարկելու այդ բոլոր զոհերին:

Մենք պետք է շատ շատ հասկանալի ուղերձ հղենք Նախագահ Ալիևին, մեր մայրցամաքի վերջին բռնակալներից մեկին, վերջ տալու իրավապաշտպանների, լրատվության միջոցների և իր ու իր ընտանիքի հանդեպ քննադատաբար տրամադրված անձանց հանդեպ գործադրվող համակարգված բռնաճնշումներին:

Գործընկերներ, կրկին, մեր տարածաշրջանում ժողովրդավարությունն նշանակում է ավելին, քան ժողովրդավարությունը:

Շնորհակալություն ուշադրության համար»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ