Նախագահն այցելել է Գրականության և արվեստի թանգարան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և Հայաստանի ազգային պատկերասրահ:
Թանգարանում Հանրապետության Նախագահը դիտել է «Միջին Արևելքի արվեստ. Մարկոս և Սաբրինա Գրիգորյանների հավաքածու» ցուցահանդեսը: 2500 բնօրինակ ցուցանմուշներ ընդգրկող հարուստ հավաքածուի ցուցադրման համար Գրականության և արվեստի թանգարանի կողմից ժամանակին հատկացված տարածքը հիմնանորոգվել և նոր մշտական ցուցադրությամբ է ներկայացել ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին: Հանրապետության Նախագահը ծանոթացել է ցուցասրահներում ներկայացված աշխատանքներին, դրանց պատշաճ ներկայացման համար ստեղծված պայմաններին:
Ազգային պատկերասրահում Նախագահն այցելել է «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներ» ցուցահանդես՝ նվիրված մեծանուն նկարչի ծննդյան 145-ամյակին: Պատկերասրահում Սերժ Սարգսյանը դիտել է նաև աշխարհահռչակ հայ նկարիչներ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը և Սեդրակ Առաքելյանի «Հայրենի բնաշխարհի ու գյուղական կյանքի քնարերգու» խորագրով ցուցահանդեսը: