Հայտնաբերվել է նոր հանցագործության մասին տվյալներ
Անհայտ անձը 2015 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրունզե փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Հրաչյա Ջ.-ին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Այս մասին հայտնում է հաըուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական լայնածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նոր հանցագործության մասին տվյալներ` հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից քրեական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով նույն քրեական գործի ելքով շահագրգիռ կողմին նախաքննության ընթացքի մասին տվյալների փոխանցմամբ քննիչի գործունեությանը միջամտելու վերաբերյալ:
Փաստի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: