16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Եվրոպական խաղը  շարունակվում է.  հերթը հայկական կողմինն  է

ԵԽԽՎ-ի քվեարկություններից բազմաթիվ հետեւություններ կարելի է անել: Շատ արագ նշելու համար, թե հակահայ զեկույցների հեղինակները առանց Արցախ այցելելու, տեղում տիրող իրավիճակին ծանոթանալու, քաղաքական, ռազմական եւ նույնիսկ ջրամբարի օգտագործման վերաբերյալ գնահատականներ էին ամրագրում. թե զեկուցումները բացառապես կողմնակալ էին եւ խախտում էին անաչառությունը: Տակավի՛ն` Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մշտապես արտահայտել են իրենց պատրաստակամությունը` Ադրբեջանի հետ համատեղ Սարսանգի ջրերն օգտագործելու կապակցությամբ:

Թե հունվարի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոչ հայանպաստ բանաձեւերի առնչությամբ հանդես էին եկել հայտարարությամբ` ԵԽԽՎ-ին հիշեցնելով, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների համար միակ ընդունելի ձեւաչափը:

Այս վերջին հայտարարությունը, որը վերահաստատում էր բանակցային գործընթացի ձեւաչափի պահպանումը, խորքում ընդգծում էր ԵԽԽՎ-ի կողմից այս զեկույցների քննարկման անիմաստ լինելը եւ հակասելը նախապես կայացած միջազգային համաձայնությանը` միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ-ին հանձնելու սկզբունքի շուրջ:

Հիմա փորձ է արվում տպավորություն թողել, որ երկու հակահայ բանաձեւերից մեկը մերժելով եւ մյուսը անցկացնելով  հավասարակշռության խաղն է, որը իբրեւ թե պահպանվում է ԵԽԽՎ-ի կողմից:

Բնական մղումով շրջանառության մեջ դրվող հարցում-առաջարկը կլինի այն, որ եթե հավասարակշռության խաղի կանոնական այս տրամաբանությունը պիտի կիրառվի, ուրեմն հայկական կողմը պետք է ներկայացնի երկու հակաադրբեջանական բանաձեւեր, որոնցից մեկը կանցնի, իսկ մյուսը կմերժվի:

Այդքան էլ պարզ չէ անշուշտ հակակշիռ խաղ թելադրելը: Հայկական կողմը Արցախի հարցի առնչությամբ հակաադրբեջանական բանաձեւեր ներկայացնելու խաղին չպետք է մասնակից դառնա. նման քայլը ինքնահակասական, բայց նաեւ ԵԱՀԿ-ի դեմ արված քայլ կմեկնաբանվի: Մանավանդ որ այստեղ հայկական կողմն ու ԵԱՀԿ-ը նույն դիրքորոշման վրա են ձեւաչափը պահպանելու տեսակետից։

Մի քիչ հետ գնանք եւ այս անգամ նկատենք, որ 2015-ի սեպտեմբերին Եվրախորհրդարանը քվեարկում էր Ադրբեջանին  քննադատող աննախադեպ բանաձեւ, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանում արձանագրվել է բռնաճնշումների եւ ձերբակալությունների ենթարկված իրավապաշտպանների եւ լրագրողների երեւույթների աճ:

Եվրախորհրդարանը պետք է քննարկեր պաշտոնատար անձանց դեմ հասցեական պատժամիջոցներ կիրառելու (ընդ որում` Եւրոպա մուտքի արգելք) հարցը:
Բանաձեւը կոչ էր անում Եվրամիության անդամ երկրներին եւ ԵՄ-ի արտաքին գործերի ծառայությանը, դիտորդներ չուղարկել ընտրություններին: Հիմնավորվում էր, որ ներկա պայմաններում դիտորդներ ուղարկելը կօրինականացնի Ադրբեջանի ընտրությունները:

«ԵՄ-ը պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը չեղարկելու համար Բաքվում ԵԱՀԿ -ի գրասենյակի փակման որոշումը եւ շարունակի այդ կազմակերպության հետ գործակցությունը» նշվում էր բանաձեւում:

Ուրեմն. եւրոպական արժեհամակարգային սկզբունքների նկատառումով մեր նախագծերը պետք է առանցքային բաժին ունենան Ադրբեջանի թույլ կետերը` հալածանք, մարդու իրավունքների ոտնահարում, ընտանեկան օլիգարխիկ բռնատիրություն, որոնց հիման վրա նաեւ հղում Եվրախորհրդրանի կոչին` հասցեական պատժամիջոցներ որդեգրելու: Այստեղ կա առավելություն. պատժամիջոցը իրավական ընթացակարգ է, ի տարբերություն ԵԽԽՎ-ի ոչ պարտադիր բնույթի բանաձեւերի:

Հայկական կողմը ժամանակի ընտրության ճիշտ գնահատումով եւ մնալով հակակշռման եւրոպական քաղաքականության տրամաբանությունում, նույնքան եւ ավելի հակահարվածային բանաձեւեր կարող է որդեգրել տալ ԵԽԽՎ-ին կամ նույնիսկ Եւրոպական խորհրդարանին: Թվում է, որ հավասարակշռման քաղաքական խաղում հերթը հայկական կողմինն է: Իսկ Բաքուն եւրոպական արժեքների օրինաչափություններում հարվածվելու առիթներ հրամցնելու շռայլություն ունի. մանավանդ հիմա, երբ նավթի հաշիվը շատ նկատի չի առնվում։

 

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր`
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ