Հայկական պատվիրակությունն ակտիվ աշխատանք է տարել
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձավ նախօրեին ԵԽԽՎ-ում քննարկված երկու հակահայկական զեկույցներին, որոնցից մեկը մերժվեց, մյուսն ընդունվեց։
Նա նշեց, որ երկու օր էր՝ կային նախանշաններ, որ այդպես էլ լինելու։
«Կար ցանկություն հավասարակշռություն պահելու»,- ասաց նա:
Խոսելով երկրորդ՝ ընդունված բանաձեւից, բանախոսն ասաց, որ թեեւ հայտարարվեց, որ այդ զեկույցի նպատակը մարդասիրական է, սակայն այն շատ քաղաքականացված էր, և անհեթեթ բանաձև ստացվեց։
«Նախ պետք է հաշվի առնել, թե ԵԽԽՎ որ քաղաքական ուժերը ինչ կեցվածք որդեգրեցին, հիմնական սոցիալիստական խմբում էր, որ հայկական տեսակետի կողմնակից էին»,- ասաց նա։
Կիրո Մանոյանը նշեց, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում ակտիվ աշխատանք է տարել:
«Ասել, որ բավարար է եղել հայկական պատվիրակության աշխատանքը, չեմ կարող, որովհետև երկրորդ զեկույցի դեպքում չհասանք արդյունքի, բայց հայկական պատվիրակությունն աշխատել է ակտիվ, քան երբևէ»,- ասաց նա։