75 մլն եվրո վարկ՝ Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով
Դեկտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Զարգացման ֆրանսիական գործակալության Ասիայի գծով վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրեսը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպենտիեն վարկային համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ելնելով ՀՀ՝ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրից և ՀՀ կառավարության` 2014-2017թթ. գործունեության ծրագրից` Զարգացման ֆրանսիական գործակալությունը, Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով, Հայաստանին կտրամադրի 75 մլն եվրո վարկ՝ 20 տարի մարման ժամկետով, որից 6-ն` արտոնյալ: «Համաձայնագրի ստորագրումը մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լրջագույն քայլ է, որը կխթանի նաև բնակչության զբաղվածությունը»,-նկատել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջիկայում անհրաժեշտ է Ֆրանսիայի հետ համագործակցության նոր ուղիներ մշակել:
«Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մեղմել սակավաջրությունը Արարատյան դաշտավայրում, ինչպես նաև՝ մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայողության»,- նշել է Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպենտիեն: