18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լեռնադահուկային հանգիստը` հայաստանցիների համար. ո՞ւր կարելի է մեկնել ձմեռային հանգստի համար

Շատերի համար առատ տեղած ձյունը տհաճ երևույթ էր, իսկ լեռնադահուկային հանգիստ նախընտրողների համար` ուրախալի: Հենց առատ ձյան պայմաններում է, որ ակտիվ հանգստի սիրահարները կարողանում են առոտարեն վայելել ձյունն ու ադրենալինի պակաս չզգալ:

Henaran.am-ը փորձել է պարզել, թե որտե՞ղ կարող են իրենց հանգիստը կազմակերպել լեռնադահուկային սպորտի սիրահարները: «Mush-E» Travel-ի մենեջեր Զարուհի Պողոսյան մեզ հետ զրույցում նշեց, որ ակտիվ հանգիստ սիրողները կարող են իրենց հանգիստն անցկացնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում:

Ներկայացնում ենք վերը նշված երկրների լեռնադահուկային գոտիներում առաջարկվող տուրփաթեթները` էկոնոմ կարգի հյուրանոցներում կացությամբ:

Բելառուսիա, հանգստյան գոտի Լոգոյսկ

«Բելառուսական Շվե`ցարիա». այսպես են անվանում Լոգոյսկ հանգստյան գոտին, քանի որ իր բնությամբ և կլիմայով շատ նման է շվեցարականին: Լոգոյսկ հանգստյան գոտին գտնվում է Մինսկից 30 կմ հեռավորության վրա: Այստեղ գները բավականին հասանելի են միջին աշխատողի համար: Կան ոչ միայն էկոնոմ կարգի, այլ նաև բարձրակարգ հյուրանոցներ: Էկոնոմ կարգի հյուրանոցների գները մեկ գիշերվա համար սկսվում են 12 հազար դրամից մեկ անձի դեպքում, որի մեջ ներառված է նաև մեկ անգամյա սնունդը: Ընդհանուր առմամբ առկա է չորս լուսավորված դահուկային ուղի` 3500 մետր ձգվածությամբ: Առկա են նաև բարձրակարգ ճոպանուղիներ: Ավիատոմսերի գները տատանվում են 140-150  հազարի սահմաններում:

Ուկրաինա, հանգստյան գոտի Բուկովել

Ուկրաինայի լեռնադահուկային խոշորագույն գոտին գտնվում է Պոլյանիցա գյուղում` Իվանո-Ֆրանկովսկայա շրջանից 100 կմ հեռավորության վրա: Ձյունն այստեղ շատ շուտ է տեղում և բավականին առատ, գոտին լեռնադահուկային սպորտի համար բաց է նոյեմբերից մինչև մայիսի կեսերը: Ամենաերկար դահուկային ուղին 2000 մետր է, առկա են նաև 15 ճոպանուղիներ և վերելակ սկսնակների համար:

Էկոնոմ կարգի հյուրանոցների գները մեկ գիշերվա համար սկսվում են 14 հազար դրամից, որի մեջ ներառված է նաև նախաճաշը: Ավիատոմսերի գները տատանվում են 130-145 հազարի սահմաններում:

Վրաստան, հանգստյան գոտի Բակուրիանի

Բակուրիանի հանգստյան գոտին գտնվում է Վրաստանի գրեթե կենտրոնում` Քարթլի և Սամցխե-Ջավախք տարածաշրջանների միջև, Թբիլիսիից 180կմ հեռավորության վրա:

Բակուրիանին հարուստ է տարբեր կարգերի հյուրանոցներով. սնունդը բավականին մատչելի է, իսկ հյուրանոցների գները մեկ անձի դեպքում սկսվում են 18 հազար դրամից մեկ գիշերվա համար: Բակուրիանի հնարավոր է հասնել մեքենայով, իսկ տրանսպորտի գները տատանվում են 15-20 հազար դրամի սահմաններում: Հանգստյան գոտիում առկա են մի քանի դահուկային ուղիներ, այդ թվում նաև սկսնակների համար` մինչև 3 կմ ձգվածությամբ:

Հայաստան, հանգստյան գոտի Ծաղկաձոր

Մեր կողմից շատ սիրված Ծաղկաձորն այս տարի առաջարկում է գնային և հյուրանոցների կարգերի բազմազանություն: Գները սկսվում են 7500 դրամից մեկ անձի համար, որի մեջ ներառված է միայն նախաճաշը: Առաջարկվում են նաև պատրաստի փաթեթներ` սկսած 18 հազար դրամից, որի մեջ ներառված է տրանսպորտ, հյուրանոց, նախաճաշ և ճոպանուղու մեկ տոմս:

Թե ուր մեկնել ձմեռային ակտիվ հանգիստ կազմակերպելու համար, ընտրեք ինքներդ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ