ԿԸՀ-ն հնարավորություն է տալիս
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ներկայացրեց ԿԸՀ-ի երկու նոր նախաձեռնությունները, որոնց նպատակն է հնարավորություն տալ յուրաքանչյուր ընտրողին ավելի լավ պատկերացում կազմելու ընտրական գործընթացի մասին:
Այսուհետ ԿԸՀ-ի կայքում ընտրողների ռեգիստր բաժնում կարելի է տեղեկություններ ստանալ ոչ միայն կոնկրետ անձի մասին, այլև տեղեկություններ այդ հասցեում հաշվառվածների վերաբերյալ:
Մուկուչյանը նշեց, որ վերջին շրջաններում շատ է խոսվում ընտրողների ցուցակի մասին, իսկ սա հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին հետևել ընտրողների ցուցակին և անհամաձայնության կամ որևէ խնդիր նկատելու դեպքում դիմել ԿԸՀ:
Երկրորդ նախաձեռնությունը, որ Մուկուչյանի խոսքով՝ երկար ժամանակ քննարկվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ԵԱՀԿ-ի հետ, ԿԸՀ-ի նիստերն ուղիղ եթերով հեռարձակելն է:
՛՛Նիստերի հրապարակային դարձնելը հնարավորություն կտա քաղաքացիներին տեսնել, թե ինչպես են քննվում քաղաքացիների դիմումները, ինչ որոշումներ են ընդունվում, ինչպես են ընդունվում՛՛,-նշեց ԿԸՀ նախագահը: Իսկ նիստից հետո կտեղադրվի նաև տեսագրությունը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության նախագահ Ստիվեն Բրեյգերը նշեցին, որ այս նախագծերի միջոցով կհեշտացվի հասարակության ու լրատվության աշխատանքը, ինչպես նաև սրանք կնպաստեն ԿԸՀ-ի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը:
Սորոկինը նկատեց, որ միջազգային կազմակերպությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ժողովրդավարական ընտրությունների անցկացման նկատմամբ: Սորոկինը հույս ունի, որ նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան կլինեն: