Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին
Փետրվարի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային և նրան ուղեկցող անձանց:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Եվրոպական միության հետ արդեն տարիներ տևող համագործակցությունը, մասնավորապես՝ աջակցությունն ու օժանդակությունը ոստիկանության բարեփոխումների գործընթացին:
Ոստիկանության պետն անդրադարձավ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքին և նշեց, որ նախագահի թեկնածուի հետ կատարվածը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները: Գործի նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ:
Վլադիմիր Գասպարյանը հիշեցրեց, որ դեռևս հունվարի 17-ի հայտարարությամբ ոստիկանությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պատասխանատվություն է ստանձնել ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար և հանձնառությանը հավատարիմ՝ ձեռնարկել է մի շարք միջոցառումներ:
Ոստիկանության կենտրոնական ապարատում կազմավորվել և ոստիկանության պետի առաջին տեղակալի գլխավորությամբգործում է օպերատիվ շտաբ, որը ղեկավարում ու վերահսկում է ամբողջ գործընթացը, անձնակազմին ուսուցանվում է ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը, վերլուծվում և կիրառվում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ձեռք բերված փորձը, մարզեր գործուղված մասնագետները խորհրդատվական աշխատանք են կատարում տեղերում, սերտ է համագործակցությունը դիտորդական առաքելությունների և զանգվածային լրատվության միջոցների հետ, հստակ գործում է ընտրություններին առնչվող ահազանգերին ու հրապարակումներին արձագանքելու մեխանիզմը և այլն:
Տրայան Հրիսթեան գոհունակություն հայտնեց ոստիկանության ձեռնարկած քայլերի առնչությամբ և հետագա համագործակցության ու աջակցության պատրաստակամություն հայտնեց:
Վլադիմիր Գասպարյանը վերահաստատեց նախագահի թեկնածուների և նախընտրական հավաքների անվտանգությունն ապահովելու՝ ոստիկանության հանձնառությունը ու հավաստիացրեց, որ ամեն ինչ է արվում միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: