Ձնաբուքը կաթվածահար է արել երթևեկությունը. վախն ու անհանգստությունն էլ գումարվել են
«Այս գիշեր ահավոր էր ու ձմեռը հետ եկավ ամբողջ խստությամբ: Առավոտյան էլ հասկանալի դարձավ, որ տանից դուրս գալը «հանցագործություն է»»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակչուհի Նվարդ Մանուչարյանը:
Մեր զրուցակիցը փաստեց, որ ամբողջ գիշեր տեղացող ձյանը զուգահեղ բավականին ուժեղ ձնաբուք է եղել, ձյունը գետնին է նստել` տեղ-տեղ բավականին հաստ շերտով. «Հաստատ ձնաբուքը վնասներ է պատճառել: Վախն ու անհանգստությունն էլ իրենց հերթին չեն թողել, որ գոնե քնենք»,-մտահոգություն հայտնեց բնակչուհին:
Առավոտյան բնակիչները արձանագրել են, որ Երևան` աշխատավայրեր հասնելու խնդիր կա.« Աշխատանքի հասնելու հնարավորություն չկա: «Հոգեառի դիք» կոչվող հատվածից մեքենաները խուսափում են առաջ գնալ: Վթարների հավանականությունը մեծացել է »,-փաստեց բնակիչը:
Ավելի ուշ նույն մտահոգությամբ մեզ հետ կիսվեցին Արա Գյուղ, Սարալանջ և Բուժական համայնքի բնակիչները: